Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստից հետո լրագրողներին հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկման և փակ-գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը»,– հայտարարեց Փաշինյանը։
Սա, հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, կարծես նվեր է Թուրքիայի Հանրապետությանը և անձամբ այդ երկրի նախագահ Էրդողանին։ Հիշեցնենք, որ Ռուբինյանը Թուրքիայի հետ ՔՊ-ի հիմնական հրապարակային կապավորն է, և նրան ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրելը ակնարկ է Թուրքիային, որ պետության բարձր օղակները վստահվելու են հենց այդ երկրի համար վստահելի մարդկանց։
Այն, որ Ռուբինյանի առաջադրմամբ հետաքրքրված է Թուրքիան, և դա նրա համար առանցքային հարց է, ապացուցեց նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Ռուբինյանի թեկնածության առաջադրման մասին լուրը նոր էր հայտնի դարձել, երբ նա հայտարարություն տարածեց և շնորհավորեց իր գործընկերոջը. «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Չորս տարվա ընթացքում մենք ստեղծել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ և անկեղծ բարեկամություն»,– գրել է նա։
Նկատենք, որ Ռուբինյանը դեռ միայն թեկնածու է, և էթիկապես ճիշտ չէ նրան շնորհավորել խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, երբ ՔՊ-ական պատգամավորները դեռ կողմ չեն քվեարկել։ Ավելին՝ խորհրդարանը դեռևս ձևավորված չէ։ Սա, ըստ էության, նշանակում է, որ թուրքական կողմն իրեն լիարժեք վստահ է զգում ընտրության արդյունքի հարցում։ Իսկ Քըլըչի շնորհավորանքը հրապարակվելու այդքան վաղ փուլում կարող է տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ։



