Մեր երկիրը 120 միլիոն դոլար փող է կորցրել միա...

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դպրոցների և ճանապարհների շինարարությանը, նշել է, որ կառավարության որոշ սխալ քայլեր բերել են հսկայական ֆինանսական կորուստների։

Նրա խոսքով՝ մինչ 2020 թվականը դպրոցների շինարարությունը շարունակվում էր նորմալ ընթացքով․ վարկեր էին ներգրավվում, նախագծերը հաստատվում և իրականացվում էին նախատեսված արժեքներով:

«Մինչև 2020 թվականն ամեն ինչ նորմալ էր ընթանում․ դպրոցները կառուցվում էին վարկային ծրագրերով։ Բայց երկրի ղեկավարի՝ դպրոցներ այցելելուց հետո տեղի ունեցավ հայտնի «կախիչ օպերացիան»։ Փաշինյանը քաշեց կախիչը, այն ընկավ, նա խիստ նկատողություններ տվեց, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին աշխատանքից հեռացրեց։ Այդ շոուից հետո մեկ ամսվա ընթացքում մրցույթների գները մեկ դպրոցի հաշվարկով թանկացան մեկ միլիոն դոլարով»,- ասաց նա։

Կարապետյանի խոսքով՝ մինչ այդ մեկ դպրոց կառուցվում էր մոտ 900 մլն դրամով, իսկ նույն նախագծով հետագայում նույն դպրոցը սկսեց արժենալ արդեն 1.4 մլրդ դրամ։

«Եթե նախկինում մեկ քառակուսի մետրի շինարարությունն ու բարեկարգումն արժեր շուրջ 900 դոլար, ապա «կախիչ օպերացիայից» հետո դարձավ 1.500 դոլար։ Իրականում ոչինչ չէր փոխվել նախագծերում։ Երբ պետությունը ուժայինների միջոցով սկսեց ավելի խիստ ճնշում գործադրել գործարարների վրա, նրանք իրենց ռիսկերը սկսեցին հաշվարկել ու գներն ավելացրին։ Այդ օրվանից մինչև այսօր արդեն 128 դպրոցի մրցույթ է տեղի ունեցել, և մեկ քառակուսի մետրի գները մնացել են 1.500–1.600 դոլարի միջակայքում՝ նախկին 900-ի փոխարեն։ Սա նշանակում է, որ միայն դպրոցաշինության ոլորտում պետությունը մոտ 120 մլն դոլար է կորցրել»,- ասաց նա։

Նարեկ Կարապետյանը շեշտեց, որ սա միայն մեկ օրինակ է, մինչդեռ նման սխալ որոշումների հետևանքով պետական բյուջեն կրել է տասնյակ միլիոնավոր դոլարների վնասներ:

«Հարյուրավոր են օրինակները, երբ պետական կառավարիչների սխալ որոշումների արդյունքում պետությունը տասնյակ միլիոնավոր դոլարների կորուստներ է կրել։ Բայց որևէ մեկը դրանց համար պատասխանատվություն չի կրում»,- ընդգծեց նա։