Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալել է բոլոր ոլորտներում։ Ուշագրավ է, որ Փաշինյանի իշխանությունն իր բոլոր տապալումները սկսել է հաղթական հայտարարություններով։ Հայտարարել են մի բան, իսկ վերջում ստացել են իրենց խոստացածի ճիշտ հակառակը։ Նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր հայկական ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանը, որի ժամանակ աշխարհացունց հայտարարություն էր արել․
«Եվ մեր քաղաքական հանձնառությունն է եղել, որ մեր իշխանության տարիներին ավիացիայի ոլորտում պիտի տեղի ունենան էական փոփոխություններ, պետք է ավելի ու ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն մեր պետական դրոշի երանգները»,-ասել էր Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնողը հույս էր հայտնել, որ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունն ավելի շատ մարդկանց կբերի Հայաստան և ավելի շատ մարդկանց կտանի Հայաստանից: «Մեր երկիրը նաև այս իմաստով կդառնա մի խաչմերուկ, որտեղից մարդիկ մեկնում են ճամփորդության և որտեղ վերադառնում են, որտեղ մարդիկ մեկնում են հանգստի, ծանոթանալու, տուրիզմի նպատակով, և այդ մարդիկ իրենց սրտերում պահում են մի մասնիկ Հայաստանից և իրենց հետ տանում են ինչ-որ մի դրական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս ուղղությունը ևս մեկ քայլով զարգացնելու կապակցությամբ: Հայաստանի ավիացիայի ոլորտից ավելի շատ բացասական պատմություններ գիտենք, քան դրական, և ժամանակն է եկել կտրելու այդ շղթան: Հույս ունեմ, որ մեր գործընկերների հետ համատեղ կկարողանանք այդ բացասական լուրերի ծանրակշիռ փաթեթը կամ դրա թողած տպավորությունը հաղթահարել դրական լուրերով, նոր զարգացումներով, նոր օդանավերով, նոր ուղևորներով և նոր ուղղություններով»,- ասել էր վարչապետ Փաշինյանը:
Եվ ահա այս հայտարարությունից մեկ տարի անց «Ֆլայ Արնա» ընկերությունը դադարեցնում է իր չվերթները։ Այս մասին օրերս տեղեկատվություն է հայտնվել մամուլում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում որոշում է կայացվելու, որ Fly Arna ավիափոխադրող ընկերությունն այլեւս Հայաստանից չվերթներ չի իրականացնելու։
Թերթի տեղեկություններով՝ շատ լուրջ խնդիր կա՝ ընկերության կազմակերպչական եւ ֆինանսական հարցերի հետ կապված։ Այս ընկերությունը պետական ֆինանսական միջոցներ է ստացել, ինչի համար կառույցը ստուգել է Պետական վերահսկողական ծառայությունը. բոլոր փաստաթղթերն ու ակնհայտ խախտումները տարել-ներկայացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հենց սրա պատճառով էլ լուրջ տարաձայնություններ են առաջացել, եւ Փաշինյանը որոշում է կայացրել՝ ավելի լավ կլինի՝ այս ընկերությունը չվերթ չիրականացնի։ Նկատենք, որ այս ընկերությունը նաև պետական ներդրումների հաշվին է ստեղծվել, այսինքն՝ փոշիացվել են պետական միջոցներ։ Սա մեկն է տասնյակ օրինակներից, որոնց մասին աշխարհացունց հայտարարություններ են արվել, և հետո ականատես ենք եղել ցավալի տապալման։ Հերիք է միայն հիշել այդպես էլ արտադրանք չթողարկած կենցաղային տեխնիկայի արտադրամասին, Վանաձորի գազաբալոնների, ավտոմեքենաների և ինքնաթիռների գործարաններին, որոնց հետքն այդպես էլ չտեսանք։ Ժամանակը ցույց է տվել, որ Փաշինյանին հետաքրքիր են իր հայտարարություններին տրվող հենց այդ պահի արձագանքները, իսկ թե հետո ինչ կլինի, դա իրեն հետաքրքիր չէ․ մեկ է՝ իր ընտրողը հավատում է, որ Հայաստանում ավտոմեքենա ու ինքնաթիռ են արտադրում։ «Վոժդը», եթե ասել է, ուրեմն այդպես է։