Փաշինյանի հերթական լոլոները և կեղծ հիմնավորու...

Նիկոլ Փաշինյանը Վարշավայում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի լուրջ տնտեսական հիմքեր ստեղծել կայունության համար, քան համաձայնագրերն են ու փաստաթղթերը, դա կատարյալ տգետ հայտարարություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Դա կատարյալ տգետ հայտարարություն է մի մարդու, ով չգիտի պատմություն, քաղաքագիտություն, կամ՝ դիտավորյալ մեզ մոլորեցնում է, այդ դեպքում նա ոչ թե տգետ է, այլ անբարո: Պատմությունից ու քաղաքագիտությունից մեզ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ընդհանուր տնտեսական շահը չի ամրապնդում կայունություն ու խաղաղություն:

Եվրոպական միության տարբեր երկրներում կան ռեգիոններ, որոնք շաղկապված են մայր երկրների տնտեսության հետ, սակայն, օրինակ՝ Կատալոնիայում ու Շոտլանդիայում, դա չի կանխում անջատողական շարժումները և անջատողականության ու անկախության ձեռքբերման գերնպատակը: Միջպետական հարաբերություններում նույնպես տնտեսական շահը չի կանխում երկու երկրների միջև հնարավոր սրացումներ՝ ընդհուպ պատերազմներ:

Օրինակ՝ Ռուսաստանն ու Ուկրանիան շաղկապված էին շատ խորը տնտեսական կապերով, սակայն դա չկանխեց ուկրանիական պատերազմը: Չկան երկու երկրներ, որոնք ավելի էին շաղկապված, քան Չինաստանն ու ԱՄՆ-ն, սակայն դա չի կանխում լարվածության աճը: Ընդհանուր տնտեսական շահերը հիմքեր չեն ստեղծում կայունության համար, եթե չկան դրա համար քաղաքական հիմքեր»,- նշել է նա:

Աշոտյանը շեշտել է, եթե երկու պետություները սկսում են բացառապես տնտեսական հիմքով կայունություն կառուցել, ապա առաջանում է վտանգ՝ ուժեղից դեպի թույլ, մեծ փողերով ավելի աղքատ կամ թույլ երկիր մտնելու հնարավորություն:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հերթական լոլոները և կեղծ հիմնավորումները մեզ հիմք չեն տալիս մտածելու, որ նա կարող է բերել կայուն խաղաղություն.

«Մեզ անվտանգություն է պետք, որից կբխի նաև խաղաղությունը, իսկ անվտանգությունը շատ ավելի բարդ հասկացություն է, քան միասին աշխատած բենզինի 10 մանաթը կիսելու հմտությունները»,- ասել է նա: