Հրադադարը չխախտելու մասին ՀՀ պաշտպանության նախարարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունն ուղիղ բարոյահոգեբանական հարված է երկրի զինված ուժերին։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 20-ին պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտականհանձնաժողովի նիստում հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ երկրի զինված ուժերն իրենց լիազորությունների շրջանակում մշտապես հերքում են Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների մասին Բաքվի լայնածավալ ապատեղեկատվությունը։ Այս ֆոնին, ինչպես նշել է պատգամավորը, վարչապետի հրամանը անհարմար դրության մեջ է դնում երկրի սահմանին մարտական հերթապահություն իրականացնող զինված ուժերին ու աշխարհազորայիններին։ Հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր հերթին ասել է, որ Հայաստանի կառավարության ղեկավարի այս հրամանը փոքր-ինչ այլ կերպ է ընկալում։ «Հայաստանի զինված ուժերը միշտ պատրաստ են դիմակայել հակառակորդի գործողություններին։ Սակայն այստեղ դա այդպես չէ։ Հայկական կողմը պարզապես չպետք է ենթարկվի ադրբեջանական կողմի սադրանքներին, ինչը միանգամայն բնական է, քանի որ մենք կանգնած ենք շատ ավելի կարեւոր նպատակների եւ խնդիրների առաջ, որոնց հասնելու համար պարզապես անհրաժեշտ են նման կոչեր»,- ընդգծել է Քոչարյանը։Միաժամանակ, խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարն ավելացրել է, որ նման զսպվածությունը չի նշանակում, որ Հայաստանի զինված ուժերում նկատվում են բացթողումներ։



