Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հ...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների և Ջրային կոմիտեի վերակազմավորման հեռանկարները:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է Ջրային կոմիտեի ինստիտուցիոնալ վերափոխման ճանապարհային քարտեզը, որը ներառում է 2026-2035 թթ. ընթացքում ջրային համակարգերի կառավարման ռազմավարական ծրագրի մշակում, օրենսդրության և գործող նորմերի վերանայում, արդիականացում, ոռոգման համակարգերի և հողատարածքների գույքագրում, ջրային ռեսուրսների արդյունավետ, կլիմակայուն և ջրախնայող կառավարում, ոռոգման համակարգերի կառավարման կատարելագործում, մշտադիտարկում, հողերի խոշորացում, ջրախնայող գյուղատնտեսության տեսակարար կշռի ավելացում, ջրամբարների կառուցմանն ուղղված աշխատանքներ և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև 2026-2031թթ. Ջրային կոմիտեի միջազգային ծրագրերի վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ ջրի կառավարման ոլորտում ռազմավարական նպատակները պետք է հստակ արձանագրել՝ ճիշտ ուղղությամբ շարժվելու նպատակով.

«Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը՝ վարելահողեր, բազմամյա տնկարկները և խոտհարքները, դարձնել 100 տոկոսով ոռոգելի»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ջրային ոլորտում ներդրումները պետք է էականորեն ուղղված լինեն ոռոգման տեխնոլոգիաների զարգացմանը։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև գյուղատնտեսական նշանակության հողերն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել:

«Դա արդեն մասնագիտական վերլուծության հարց է, և սա նույնպես շատ կարևոր ուղղություն է, այսինքն՝ ես կարծում եմ, որ մենք ջրային ոլորտում այսպիսի ռազմավարական խնդիր պետք է դնենք և այդ ռազմավարական խնդիրը հնարավորինս ձևակերպենք»,-ասել է վարչապետը։

Անդրադառնալով հողերի խոշորացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ջրի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու շատ ուղիղ և կոնկրետ գործիք է: Վարչապետն առաջարկել է հանրային կառավարման բարեփոխումների տրամաբանության շրջանակում դիտարկել այս երկու խնդիրների փոխկապակցված լինելու հարցը: 

«Մեր հաջորդ ռազմավարական խնդիրը ջրի ոլորտում հետևյալն է, որ հանրապետության բոլոր բնակավայրերում պետք է լինի շուրջօրյա խմելու ջուր։ Այսինքն՝ առանց բացառության բոլոր բնակավայրերում պետք է լինի շուրջօրյա խմելու ջուր։ Մենք մեր երկարաժամկետ ծրագրերը պետք է կառուցենք այս տրամաբանությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս բոլոր հարցերի լուծումը հնարավոր չէ առանց ջրի նկատմամբ գիտակցության փոփոխության:

Շարունակելով թեման՝ վարչապետն արձանագրել է.

«Հաջորդ կարևոր խնդիրը, որն իմ կարծիքով, մեր տեսադաշտից շատ հաճախ բաց ենք թողնում, մեր տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ջրային ռեսուրսների գեներացիան և մատակարարումն է, որովհետև տեխնիկական ջուրը և խմելու ջուրը խառնում ենք իրար, և ըստ էության, կորցնում ենք նաև տեսադաշտից մի շատ կարևոր հարց, որ ի վերջո տնտեսության բազմաթիվ ճյուղեր ունեն տեխնիկական ջրի անհրաժեշտություն: Ես հիմա ինչքան հասկանում եմ, նաև տեղ-տեղ խմելու ջուր է օգտագործվում որպես տեխնիկական ջուր, որը նույնպես ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այսինքն, այստեղ էլ մենք պետք է հասկանանք, որ ի վերջո,  նախորդող շրջանում տարեկան 7% տնտեսական աճ միջինում ապահովեցինք, հիմա հաջորդ շրջանում դնում ենք տարեկան 6% տնտեսական աճ, բայց չունենք հաշվարկ, այդ աճող տնտեսությունը ջրային ի՞նչ լրացուցիչ ռեսուրսների կարիք է ունենալու, որովհետև գնում ենք արդյունաբերական արտադրանքի շատ հավակնոտ աճի, ցուցանիշներ ենք դնում, սակայն մոռանում ենք, որ առանց ջրի հնարավոր չէ արդյունք: Արդյունաբերություն և արդյունաբերության աճ հնարավոր չէ: Եթե կա արդյունաբերության աճ, նշանակում է կա նաև ջրի սպառման աճ, տեխնիկական ջրի սպառման աճ»: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է տեխնիկական ջրի հետ կապված խնդիրների կարգավորումը:

Անդրադառնալով ռազմավարական հաջորդ խնդրին՝ երկրի ղեկավարը կարևորել է, որ հանրապետությունում առանց մաքրման ջուր բաց չթողնվի բնություն:

«Էական չէ՝ ինչ նպատակով է այդ ջուրն օգտագործվել: Այսինքն՝ ջուրն օգտագործվեց, բնություն բաց թողնվելուց առաջ պետք է մաքրվի: Սա շատ կարևոր ռազմավարական խնդիր է, այդ թվում՝ ջրային ռեսուրսների պահպանման և զարգացման տրամաբանությամբ։ Եվ իհարկե, մշտական թեման, որն ունենք, դա Սևանա լճի պահպանությունը և զարգացումն է: Հաջորդը՝ սրանից բխող գետերի և լճերի սպասարկումը, խնամքը»:

Մտքերի փոխանակություն և շահագրգիռ քննարկում է ծավալվել ջրային ռեսուրսների և համակարգերի կոնսոլիդացման ու արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը  պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքային քննարկում կազմակերպել ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունավետ իրականացման մեխանիզմների շուրջ և զեկուցել արդյունքների մասին: