Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են եւ կլինեն Հայաստանի կառավարության գերակայությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցի եւ ապրիլի 7-ին նախատեսված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախաշեմին:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, դրանք եղել են եւ կլինեն Հայաստանի կառավարության գերակայություններից մեկը, եւ ես վստահ եմ, որ ապագայում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում կզարգանան փոխվստահության եւ մեր ժողովուրդների միջեւ բազմադարյա բարեկամական կապերի հիման վրա»,- ասել է նա:
«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ 2018 թվականին իշխանության գալուց առաջ Փաշինյանը քննադատաբար էր արտահայտվում այն միությունների հասցեին, որոնց անդամ է ՌԴ-ն՝ ԵՏՄ եւ ՀԱՊԿ: Սակայն վարչապետ դառնալուց հետո նա հրաժարվեց կտրուկ փոփոխություններ կատարել արտաքին քաղաքականության մեջ: Մինչդեռ, փորձագետները կարծում են, որ իր շրջապատն ավելի հակված է համագործակցելու Արեւմուտքի հետ:



