Պարույր Հովհաննիսյանը և Ֆրանսուա Ալֆոնսին կար...

Փետրվարի 23-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր Ֆրանսուա Ալֆոնսիի գլխավորած պատվիրակությանը։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը և հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Այս համատեքստում կողմերը կարևորել են Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր՝ ներառյալ միջխորհրդարանական համագործակցությունը։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլվել է համապատասխան բանաձևերում և զեկույցներում։