Փառուխը վերջնականապես հանձնվա՞ծ է․ ո՞րն է այն...

Վերջին մի քանի օրերին կրկին հանրության որոշ շրջանակներ քննարկում էին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի  Փառուխ գյուղի առեղծվածային հանձնումը։ Հունիսի 5-ին ռուսական խաղաղապահների կողմից հրապարակված քարտեզներում այն արդեն նշվում է, որպես Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածք և ոչ որպես հայկական բնակավայր։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ ադրբեջանցիները ներխուժել էին Փառուխ և Քարագլուխ` իրավիճակը բավական լարվել էր, իսկ արցախցիները պատրաստվում էին նոր ռազմական գործողությունների։ Այդ օրերին նաև հաստատվեցին այն խոսակցությունները, ըստ որի հենց ռուս խաղաղապահների միջնորդությամբ են հայ դիրքապահները թողել իրենց դիրքերը և սպասել են, որ նույնը պետք է անեն նաև ադրբեջանցիները, սակայն ադրբեջանական կողմը հետ քաշվելու փոխարեն առաջ է եկել։ Այդ օրերին ՌԴ ՊՆ-ն պնդում էր, թե ադրբեջանցիները հետ են քաշվել, բայց ինչպես ժամանակը ցույց տվեց սուտ էին այդ պնդումները։ Համենայնդեպս այս պահին շրջանառվում է քարտեզ, ըստ որի Փառուխը արդեն ռուսական վերահսկողության տակ չի գտնվում։

Փառուխի հանձնումը հիմա քաղաքական ուժերի կողմից չի քննարկվում, բայց այն ըստ էության ամենակարևոր հարցերից մեկն է։ Հատկապես հաշվի առնելով այն, որ ըստ էության այդ հանձնումը տեղի է ունեցել  Ռուսաստանի կողմից, որը Արցախի հայաբնակ մնացյալ հատվածի անվտանգության երաշխավորն է։ Ի՞նչ պայմաններում, ինչի՞ դիմաց է Ռուսաստանը համաձայնել Ադրբեջանին տալ Փառուխն ու Քարագլուխը։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները ռուսներին անեն առաջարկ, որից նրանք չեն կարողանա հրաժարվել և վերահսկողություն հաստատեն ամբողջ Արցախի նկատմամբ։ Ի՞նչ է անելու հայությունն այդ պարագայում։ Սրանք հարցեր են, որոնք պետք է անպայման պատասխաններ ստանան։

Ի վերջո, մենք պետք է հասկանանք` կա գիծ, որից այն կողմ ռուսները չեն զիջի թուրք-ադրբեջանական տանդեմին, եթե անգամ աշխարհի գանձերը իրենց խոստանան, եթե չկա այդպիսի գիծ, ապա մենք պարտավոր ենք դրա մասին իմանալ, որպեսզի համապատասխան հետևություններ անենք և քայլեր ձեռնարկենք։