Պարտադիր զինծառայությունից խուսափած և 27 տարի...

Խորհրդարանը քննարկում է Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

«Նախատեսվում է համաներում հայտարարել 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպաների նկատմամբ, եթե նրանք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ խուսափել են ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից» -ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը։

«Հարկ եմ համարում նշել, որ առաջինից երկրորդ ընթերցում հատվածում նախատեսվում է որոշ փոփոխություններ իրականացնել։ Ըստ փոփոխությունների, սեպտեմբերի 26-ի փոխարեն կգործի այն ամսաթիվը, երբ սույն օրենքը ուժի մեջ կմտնի։ Այսինքն՝ մինչև այս օրենքի ուժի մեջ մտնելը 27 տարեկան դարձած քաղաքացիների համար օրենքը կգործի»,- նշեց նա։

Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց.

  1. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի,
  2. որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,
  3. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի: