Պարսից ծոցի երկրները հակամարտության ֆոնին նավթի ընդհանուր արդյունահանումը կրճատել են օրական առնվազն 10 միլիոն բարելով: Այս մասին նշվում է Էներգետիկայի միջազգային գործակալության զեկույցում։
«Հաշվի առնելով, որ Հորմուզի նեղուցով նավթի և նավթամթերքի հոսքերն օրական մոտ 20 միլիոն բարելից նվազել են մինչև նվազագույնը, այդ չափազանց կարևոր ջրային ուղու շրջանցման հնարավորությունները սահմանափակ են, իսկ պահեստարանները լեփ-լեցուն են, Պարսից ծոցի երկրներն, ընդհանուր առմամբ, կրճատել են նավթի արդյունահանումն օրական առնվազն 10 միլիոն բարելով: Եթե նավագնացությունն արագ չվերսկսվի, մատակարարումներն ավելի կնվազեն», - նշվում է ԷՄԳ-ի զեկույցում:
Գործակալությունն արդեն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը հանգեցրել է նավթի մատակարարումների՝ պատմության մեջ խոշորագույն խախտման։



