Հայաստանում գործող ռեժիմը Բաքվի դրածոներն են, ամբողջությամբ սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը: Այս մասին, Facebook–ի իր էջի ուղիղ թերում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա անդրադարձավ «այսպես կոչված Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, վերջինս քաղաքական կամք դրսևորելու և խաղաղության ձգտելու համար հատուկ շնորհակալություն հայտնելուն»։
«Չէի կարող չարձագանքել այս ողորմելի և ստորացուցիչ տեսարանին։
«Հարց ունեմ, պարոն Խաչատուրյան, ինչի՞ համար եք շնորհակալություն հայտնում Ալիևին. 5000 զոհերի՞, թե՞ 12 հազար հաշմանդամների համար։
Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ համար եք շնորհակալություն հայտնում՝ Արցախը էթնիկ զտման ենթարկելո՞ւ, հայաթափելո՞ւ, թե՞ 150 հազար հայ մարդու իր հայրենիքից զրկելու և անտուն թողնելու համար։
Լավ, ինչի՞ համար եք շնորհակալություն հայտնում. ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 200 կմ քառակուսի օկուպացնելո՞ւ համար։
Ինչքա՞ն կարելի է։ Ո՞րն է ձեր՝ Ալիևին ծառայելու մոտիվացիան։
Այս ամեն ինչը ունի մեկ բացատրություն, որ Հայաստանում գործող ռեժիմը Բաքվի դրածոներն են, ամբողջությամբ սպասարկում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Այլ բացատրություն չկա։ Հակառակ պարագայում ինչպե՞ս կարելի է բացատրել, թե ինչո՞ւ է Հայաստանի գործող ռեժիմը միջազգային տարբեր ամբիոններում, հարթակներում, ամբողջ աշխարհին Ալիևին ներկայացում իբրև խաղաղասեր, խաղաղությանը ձգտող, հետևաբար Հայաստանին ու հայ ժողովրդին՝ ագրեսոր։
Լավ, ինչո՞ւ է Հայաստանի գործող ռեժիմը շատ ջանասիրաբար լվանում Ալիևի արյունոտ ձեռքերը, ամբողջ աշխարհի աչքին լեգտիմացնում Ադրբեջանի քայլերն ու գործողությունները Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի նկատմամբ։ Պարզ պատճառով, սրանք վաղուց սպասարկում են այդ երկրների շահերը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։



