Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, ո...

Ես մեղավոր չեմ, որ 64 տարեկան եմ և ահագին կյանք եմ ապրել, սկսած 90 թվականից ակտիվ քաղաքական կյանք, և եկել-հասել ենք այս օրերին։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր նախկին դաշնակցական լինելու մասին՝ Արթուր Խաչատրյանի ելույթին:

«Նախ այդ բաժանումները Հովհաննես Քաջազնունի, հնչակ, դաշնակցական, կոմունիստ, ռամկավար, ինձ համար անընդունելի են, բացարձակապես անընդունելի։ Նրանք, ովքեր եղել են 100 տարի առաջ, 60 տարի առաջ, իրենք մեր բոլորինն են՝ իրենց լավ, վատ գծերով, իրենց լավ արածով, իրենց վատ արածով։ Բոլորը մերն են եղել, և բոլորն էլ պայքարել են պետականություն ստեղծելու համար, մեր հայրենիքի համար են պայքարել։

Սխալներ բոլորն էլ արել են, մենք էլ ենք այսօր սխալվում այսքան փորձառությունից հետո։ Երիտասարդները ցավ են ապրում, որովհետև պատմությունը նայում են 30 տարվա կտրվածքով՝ Արցախի կորուստ, հայրենիքի կորուստ, բնականաբար ցավ են ապրում։ Բայց ես չեմ նայում պատմությանը 30 տարվա կտրվածքով, նայում եմ 130 տարվա կտրվածքով»,- ասաց նա:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին՝ Աղազարյանն ասաց. «Պարո՛ն Մանուկյան, երբ Դուք հանդիմանում եք ինձ, որ ես մասնակից եմ եղել Հռչակագրի ընդունմանը և այսօր մի քիչ այլ դիրքերի վրա եմ, այո՛, բայց փորձառություն ենք ձեռք բերում, այդ ժամանակ երիտասարդ տղա էինք: Սովետական Միությունում, երբ  Եղեռնի զոհերի հուշահամալիր ստեղծվեց, բոլորս տոգորված էինք այդ ամեն ինչով: Հասկանալի է, պրոպագանդա է, քաղաքականություն է, բայց զգացմունքներով պետություն չեն սարքում։

Ընդունվել է հռչակագիրը, շատ լավ հռչակագիր է, ես տեր եմ այդ հռչակագրին, բայց այդ հռչակագրից հետո, պարո՛ն Մանուկյան, երկու կարևորագույն փաստ է տեղի ունեցել. 29. 743 քառակուսի կիլոմետրի վրա տեղի է ունեցել անկախության հանրաքվե, Արցախում էլ է տեղի ունեցել անկախության հանրաքվե՝ հենց այդ հռչակագրի հենքի վրա, թե ինչ քաղաքական նպատակներով, այլ հարց է։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ Ձեր հանդիմանությունը տեղին է, որովհետև մենք երկար ենք իրար ճանաչում, շատ լավ գիտենք փոխադարձաբար, թե ես ինչու հեռացվեցի Դաշնակցությունից, և որ հիմա պարոն Խաչատրյանն անհանգստություն է ապրում, որ վաղը-մյուս օրը կառավարությունը ձախողի, ամեն ինչ կգցեն իմ վրա՝ որպես նախկին դաշնակցականի:

Բայց դա տեղի չի ունենա, որովհետև կառավարությունը չի ձախողի, կառավարությունը ձևավորված է այս խորհրդարանի կողմից, որտեղ ամբիցիոզ, երիտասարդ քաղաքական գործիչներ են, մենք էլ իրենց մեջ երիտասարդ ենք զգում և մեր փորձառությամբ, իրենց ավյունով այնպես ենք անելու, որ պարոն Աղազարյան Հովիկին հանկարծ ոչ ոք չդատապարտի, պարո՛ն Մանուկյան, պարո՛ն Խաչատրյան»,- ասաց Աղազարյանը: