
Փարիզում երեկ բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել՝ ի պաշտպանություն «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լե Պենի, որին դատարանն արգելել է ընտրվել իշխանության մարմիններում։
Հանրահավաքը մեկնարկել է Վոբան հրապարակում, իսկ ցույցի անցկացման վայր է ժամանել Լը Պենը՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Կուսակցության առաջնորդ Ջորդան Բարդելլան իր ելույթում ասել է՝ Լը Պենի մեղադրական դատավճռի օրը պատմության մեջ կմնա որպես սև օր, նրա դեմ կայացված անարդար և սկանդալային դատական որոշումն ուղղված է նրան նախագահական մրցապայքարից հեռացնելուն։ Քաղաքական գործիչը հավելել է՝ սա ուղղակի հարձակում է ժողովրդավարության վրա։
«Այս որոշումը ոտնատակ տվեց իմ ժողովրդին, իմ երկիրն ու իմ պատիվը։ Ես ուզում եմ, որ բոլորը իմանան՝ ես առանց վարանելու ընդգծում եմ այս գործընթացի քաղաքական բնույթը։ Սա դատարանի որոշում չէ։ Սա քաղաքական որոշում է, քաղաքական գործիչների որս»,- ասել է Լը Պենն իր ելույթում։
Ավելի վաղ Փարիզի դատարանը Մարին Լը Պենին մեղավոր էր ճանաչել Եվրախորհրդարանում «Ազգային միավորում» կուսակցության պատգամավորների օգնականներին կեղծիքով աշխատանքի ընդունելու ու Եվրախորհրդարանի միջոցները վատնելու մեջ։
Բացի Լը Պենից, նույն մեղադրանքն է առաջադրվել կուսակցության ևս ութ պատգամավորների։
12 պատգամավոր մեղադրվել է «տեղեկատվություն թաքցնելու» մեջ։ Դատարանի տվյալներով՝ ԵԽ-ին հասցված վնասը կազմել է 2,9 մլն եվրո։
Փարիզի դատարանը Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի ֆինանսները վատնելու մեջ: Կին առաջնորդը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, որի մի մասը կանցկացնի տնային կալանքի տակ: Նա նաև 100 հազար եվրո տուգանք պետք է վճարի, իսկ նրա կուսակցությունը՝ 1 միլիոն եվրո։
Բացի այդ, Մարին Լը Պենին չի թույլատրվի մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրարշավին, մինչդեռ ըստ սոցհարցումների՝ ներկայում նա առաջատարն է: Ընդհանուր առմամբ` Լը Պենի հետ միասին տվյալ գործով անցնում է «Ազգային միավորման» 24 անդամ: Նրանք բոլորն էլ հերքել են իրենց ներկայացված մեղադրանքները։