Երևանի գնդի պարեկները հունվարի 31-ին՝ ժամը 21․45-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցում նկատել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը ակնհայտ դրսևորում էր հակաիրավական վարքագիծ՝ կատարում էր «դրիֆթ»։
Մայրաքաղաքի պարեկները 31-ամյա վարորդին մեքենայով հանդերձ տեղափոխել են Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Մի տեսանյութ էլ տարածվել էր համացանցում, որում երևում էր թե ինչպես է «Նիվայի» վարորդը «դրիֆթ» անում Մարտունի քաղաքում։
Այս դեպքում էլ Գեղարքունիք պարեկները հայտնաբերել են մեքենան և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։



