
Ինչպես հայտնի է, համացանցում հրապարակվեց տեսանյութ, որտեղ պատկերված էր, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի սորոսականների կողմից ստեղծված եւ նրանց «բարձր հովանու ներքո» գործող պարեկները հայհոյում քաղաքացուն։ Երեւույթը մեծ հաշվով ոչ նոր է եւ ոչ էլ եզակի։ Էլի են նման բացասական դեպքեր արձանագրվել պարեկների հետ կապված։
Առհասարակ պարեկների մասով ասելիք շատ կա, սկսած նրանց կրթական ցենզից ու նկարագրային խնդիրներից, մինչեւ գործողությունների համաչափություն, իրավաչափություն, պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակ, առհասարակ մասնագիտական պիտանելիություն եւ այլն։
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, քաղաքացին, ում հայհոյել էին, ամենաթունդ նիկոլականներից է հանդիսանում։ Անկախ այս հանգամանքից, այն, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչն իրեն թույլ է տալիս հայհոյել ժողովրդի ներկայացուցչին, արդեն նաեւ քաղաքական առումով շատ բան ասելու առիթ է տալիս։
Ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանը երբ եկավ իշխանության, հայտարարեց, որ իրականում ինքը չէ որ իշխանություն ունի, այլ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ինքը որպես այդ ժողովրդի ընտրյալ, ժողովրդի վստահության քվեին արժանացած, կամ ինչպես ընդունված է ասել՝ «ժողվարչապետ», այդ իշխանությունն իրականացնողն է։
Այս հայտարարությունների ֆոնին, արդեն քաղաքական առումով ստացվում է, որ պարեկները, լինելով ենթակա իշխանություններին, հայհոյում են իշխանության անմիջական կրող հանդիսացող ժողովրդի ներկայացուցիչներին, մի բան, որ իրավապահ համակարգի ղեկավարությանը երկար մտորելու առիթ պետք է տա։ Սակայն կարծես թե այս եւ նմանատիպ հարցերը ոչ իրավապահ համակարգի ղեկավարներին է հետաքրքիր, ոչ առավել եւս պարեկներին եւ նրանք որեւէ հարցում պատասխանատվություն չեն էլ զգում։
Հակառակ դեպքում, իրենց վրա ամրացված տեսախցիկներից գոնե կքաշվեին ու ավելի զգաստ կպահեին իրենց, քանի որ իրենց բոլոր խոսքերն ու քայլերն արձանագրվում են։
Եթե այս ամենը պարեկները հասկանային, ապա տվյալ միջադեպից արդեն եզրակացրած կլինեին, որ հայհոյանքի հասցեատեր էր դարձել հենց իրեն ժողովրդի կողմից «ընտրված» եւ ժողովրդի իշխանությունն իրականացնող համարվող Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ իր հերթին մտածելու տեղ ունի, թե այս վարքագծի տեր «իրավապահ» համակարգով ուր է տանում իրեն կուրորեն հավատացող մարդկանց։