Պարեկային ծառայության մեքենաների մասնակցությա...

«Հետքը» գրում է. «2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ գրանցվել է 446 պատահար՝ 175-ը Երևանում, 271-ը մարզերում։ Այսինքն, միջինում ամեն օր պարեկային ծառայության մեկ մեքենա վթարվում է։ Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվն ավելացել է։

Պատահարների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել պարեկային 9 ծառայող և քաղաքացիական 8 անձ։

Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը արձանագրված 354 պատահարներից 90-ում մեղավորը պարեկային ծառայության վարորդներն են եղել, 7-ում՝ մեղավորներից մեկը։ Ստացվում է՝ ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են։

Պատահարների հետևանքով ամենից հաճախ վնասվել են Վոլվո մակնիշի մեքենաները, նրանց մասնակցությամբ բոլոր 87 պատահարները արձանագրվել են Երևան քաղաքում։

Վնասված մեքենաների թվի և պատահարների թվի անհամապատասխանությունը պայմանավորված է մեկ պատահարում 2 պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ։

Պատահարների հետևանքով նյութական վնաս կրած տրանսպորտային միջոցները նորոգվում են լիցենզավորված վերանորոգող կազմակերպություններում՝ ապահովագրական ընկերությունների կողմից այդ կազմակերպություններին փոխանցվող հատուցման ենթակա ապահովագրական գումարների շնորհիվ։

Նախորդ մեկ տարվա ընթացքում պարեկային ծառայության մեքենաների համար ապահովագրական ընկերությունները իրականացրել են 142.8 միլիոն դրամ վնասի փոխհատուցում»։