ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում կայացրեց:
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացնելով որոշումը, նշեց, որ Փարաքար համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդը 2024-ի նոյեմբերի 25-ին հանդես էր եկել Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր սահմանելու օրակարգով:
Նոյեմբերի 29-ին գումարված նիստով Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր էր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը։
Ավագանու արտահերթ նիստով խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրվել։ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին լրացել է համայնքի ղեկավար ընտրելու սահմանված երկշաբաթյա ժամկետը:
Հիմա մենք լուծարում ենք և որոշում ենք ընդունում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով, արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տարվա առաջին ընտրական օրը, որը համապատասխանում է 2025 թվականի մարտի 31-ին Փարաքար համայնքում անցկացնելու է ավագանու արտահերթ ընտրություններ»,-ասց նախարարը:
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդոք Փարաքարում առաջանալու է համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարց, ինչին Խուդաթյանը դրական պատասխան տվեց. «Ունենալու ենք, ու դա պայմանավորված այն հանգամանքով, որ համայնքի ղեկավար ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ չկա: Գործող կարգավորումներով այնտեղ կառավարման բարդություններ ունենք, որովհետև ուրեմն ամբողջական ծավալով տեղակալը չի կարողանում փոխարինել համայնքի ղեկավարին: Փաստացի այստեղ համայնքային կյանքը դրա արդյունքում տուժում է: Համայնքի ղեկավարի միակ տեղակալը, որը կա ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում, որը սահմանված կարգով ընթացք է տրվում դիմումին և առաջիկայում պիտի այնտեղ իրավիճակը հաղթահարելու համար համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակենք մարզպետի կողմից»:
Փաշինյանն իր հերթին նկատեց. «Արդեն երկրորդ համայնքում ՔՊ-ն անցկացնում է նախնական քվեարկություն, որի արդյունքները մենք քննարկել ենք և գնահատում ենք շատ դրական։ Ես ուզում եմ ընդգծել, որ այսպիսով իմ կարծիքով, ժողովրդավարական ևս մի շատ կարևոր ինստիտուտ է կայանում Հայաստանում, հետևաբար նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»: