«Փափուկ ուժի» կոշտ հետևանքները
Արման Աբովյանը գրում է․
«Մասնագիտությանս բերումով՝ շատ խորը ուսումնասիրել եմ (և ուսումնասիրում եմ) գրեթե բոլոր հեղինակավոր աշխատությունները, որոնք վերաբերում են այսպես կոչված «փափուկ ուժի» (soft power) կիրառմանը և մեթոդաբանությանը, և համոզված եմ, որ ամերիկացիները կարողացան տեղեկատվական գործիք հանդիսացող «փափուկ ուժը» դարձնել արվեստ։
Ամերիկացիների կողմից կիրառվող «փափուկ ուժը» իրականում այսօր հանդիսանում է համաշխարհային քաղաքականության ամենահզոր զենքերից, որը իր էֆեկտիվությամբ կարող է մրցել միջուկային զենքի հետ՝ հաղթական նպատակներին հասնելու համար։
Իմ կարծիքով՝ ամենահետաքրքիր և մատչելի գրքերից է ամերիկացի հայտնի քաղաքագետ,ԱՄՆ նախկին պաշտպանության նախարարի տեղակալ ` պրոֆեսոր Ջոզեֆ Ս. Նայի «Փափուկ ուժ. միջազգային հարաբերություններում հաջողության հասնելու ձևաչափ» գիրքը:
Պրոֆեսոր Նայը արդարացի պնդում է և ապացուցո՛ւմ է, որ «փափուկ ուժի» կիրառումը թույլ է տալիս ԱՄՆ-ին հասնել իր ռազմավարական նպատակներին՝ առանց պատերազմների ...Դուք կարողեք ռումբերով ոչնչացնել պայմանական ինչ որ երկիր, սակայն դուք ձեր նպատակին չեք հասնի, քանի որ այդ տարածքի բնակիչները ատելու են ձեզ, իսկ, եթե դուք ազդեք նույն այդ բնակիչների ենթագիտակցության և աշխարհայացքների վրա, ապա իրենք իրենց ձեռքով կհանձնեն ձեզ իրենց երկիրը և ամենակարևորը՝ դա կանեն համոզված լինելով, որ դուք իրենց համար ամենամտերիմ և հարազատ բարեկամներն եք։ Որքան ցածր է կրթական ցենզը թիրախ հանդիսացող երկրում, այդքան ավելի արդյունավետ են գործում մարդկանց խելքը լվանալու գործիքները։
Ի դեպ՝ այս մեթոդաբանությունը թույլ է տալիս ձեզ յուրաքանչյուր երկրի լոյալությանը հասնել առանց բիրտ ուժի կիրառման, և դուք կխնայեք մեծ, ահռելի մեծ գումարներ՝ համեմատած այն ծախսերի, որոնք ստիպված կլինեք օգտագործել ուղիղ պատերազմի դեպքում։
Ուռճացրեք այն տեղեկությունը, որը ձեզ ձեռնտու է և լռեցրեք այն տեղեկատվական հոսքերը, որոնք չեն համապատասխանում ձեր նպատակներին։
...
Ինչո՞ւ հիշեցի պրոֆեսոր Նային։ Ասեմ։ Այս օրերի ընթացքում Հայաստանին առնչվող երկու նորություն ունենք։ Առաջինը՝ ԱՄՆ-ն որոշել է շրջանցել 907 փոփոխությունը, որը արգելում է Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից տրամադրել ռազմական օգնություն և 120 միլիոն դոլար տրամադրել Ադրբեջանի ԶՈւ-ի կարիքների համար։
Երկրորդ նորությունն այն է, որ ԱՄՆ-ի բանակի եվրոպական հրամանատարությունը Լոռու մարզի 40-ից ավելի դպրոցների կահույք է նվիրել։
Իսկ հիմա գուշակեք, թե ո՞ր նորությունն է ագրեսիվ կերպով տարածվում Հայաստանում գործող այսպես կոչված արևմտամետ տեղեկատվական դաշտում։
Հ․Գ․
Ի միջի այլոց՝ մի պահ մոռանանք ամերիկացիներին որպես տեղեկության աղբյուր։ Հայաստանում բավականին վաղուց լայն կիրառում է ստացել «փափուկ ուժի» գործիքակազմից ամենապարզունակ գործիքը՝ ագրեսիվ տեղեկատվական հոսքերի լայնածավալ գեներացումը այս կամ այլ իրադարձության կամ անձի շուրջ։ Ասեմ, որ չնայած բավականին ոչ խորամիտ մեթոդ է, սակայն շատ էֆեկտիվ է։ Չե՞ք հավատում, ապա ուղղակի ուսումնասիրեք, թե ինչպես են Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցման նախագծի «ընդդիմախոսների» շրջանակներում գեներացվում և հասցվում մինչև հանրային հիստերիայի բոլոր աբսուրդի հավասար քննարկումները։
Իրականում ուղղակի ապշում ես տեղեկատվական ազդեցության մակարդակից։
Ու հա՛, լավ է, որ գոնե այստեղ ամերիկացիները ուղիղ կապ չունեն։)))))»