ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման և Հայաստանի կայուն տնտեսական զարգացման խթանմանն ուղղված հիմնական առաջնահերթությունները։
Անդրադարձ է կատարվել «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման համար տեխնիկական աջակցությանը, արտահանման խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, ինչպես նաև ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը։
Նախարարը նաև կարևորել է UNIDO-ի աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում ստեղծվել են չորս ժամանակակից տրամաչափարկման լաբորատորիաներ՝ յոթ մասնագիտական ուղղություններով, որոնցից երեքն ԵՄ ֆինանսավորմամբ ստացել են միջազգային ճանաչում։



