
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման շուրջ հնչող քննադատություններին։
ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով քննարկումներին, թե այդ որոշումը պայմանավորված է նախընտրական գործընթացներով, ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, որ դա որևէ կապ չունի նախընտրական գործընթացների հետ և բխում է Կառավարության ռազմավարական ծրագրերից։
«Կառավարության ծրագրով մենք ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության հնգամյա փուլում պայմանագրային զինծառայողների թվի ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը։ Դա սևով սպիտակի վրա գրված է, կարելի է հիմա կարդալ։
Երկրորդ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգն է, որտեղ նույնպես նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել։ Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա։
Իհարկե, ամեն ինչ կախված էր նրանից, թե մեզ կհաջողվե՞ր այս տարիների ընթացքում պայմանագրայինների թվաքանակը ավելացնել։ Ազգային ժողովը շուրջ 2.5 տարի առաջ ընդունել է մի օրենք, որով ժամկետային զինծառայողներին թույլատրվում է ծառայության 6-րդ ամսից կնքել պայմանագիր։
Խոսքը վերաբերում է նրան, որ այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ։ Այդ թիվը հասնում է արդեն մի քանի հազարի։
Այսինքն՝ խոսել այն մասին, թե մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած՝ անհեթեթություն է»,- ասաց Պապիկյանը։
Նախարարը նաև անդրադարձավ այն պնդումներին, թե զինծառայության ժամկետի կրճատմամբ կպակասի զինվորների պատրաստության մակարդակը։
«Մեր զինվորների նախապատրաստությունը տևում է 4,5-ից 6 ամիս, որից հետո նրանք անցնում են հիմնական ծառայության»,-նշեց Պապիկյանը։
Նա նաև հիշեցրեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրի առավելությունները։
« «Պաշտպան հայրենյաց» ծրագրի առավելությունն այն է, որ զինծառայողները, որոնք 6 ամիս ծառայելուց հետո որոշում են պայմանագիր կնքել Պաշտպանության նախարարության հետ, իրենց հավելյալ ծառայությունն անցկացնում են որպես պայմանագրայիններ՝ ստանալով պայմանագրային ծառայողների համար նախատեսված աշխատավարձ։ Նրանք հնարավորություն ունեն ատեստավորվելու և այդ աշխատավարձը կրկնապատկելու։
Այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների զգալի մասն արդեն կարողանում է հաջողությամբ անցնել ատեստավորում։ Եվ նորից եմ ասում՝ նրանց թիվը հասնում է մի քանի հազարի։ Ուղիղ թիվը չեմ հնչեցնի, բայց վստահեցնում եմ, որ մոտ 1.5 տարի անց, երբ մեր շատ գործընկերների կողմից նշված ժամկետը գա, և նոր օրենքը լիարժեք գործի, մենք որևէ խնդիր չենք ունենալու»,-հավելեց նախարարը։
«e-draft» հարթակում հանրային քննարկման է դրված Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը, որով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է կրճատել 24 ամսից մինչև 18 ամիս։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։