Պակիստանում կոչ են արել չեղարկել Թրամփին Նոբե...

Պակիստանի մի շարք հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ կոչ են արել երկրի կառավարությանը չեղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 2026թ. խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու առաջարկը։ Ինչպես տեղեկացրել է «Press Trust of India» գործակալությունը, պակիստանցի քաղաքական գործիչները կարծում են, որ Իսլամաբադի առաջարկը՝ Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու վերաբերյալ, առնվազն անտեղի է Իրանին ռմբակոծելու նրա հրամանից հետո։ «ԱՄՆ նախագահի պնդումները իր սեփական խաղաղապահ ջանքերի մասին սուտ դուրս եկան։ Պակիստանի կողմից Թրամփի Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրումը պետք է չեղարկվի, մեջբերել է գործակալությունը «Ջամիաթ Ուլեմա-ի-Իսլամ» կուսակցության առաջնորդ Մաուլանա Ֆազլուր Ռեհմանի խոսքերը։ «Թրամփն աջակցել է Իսրայելի հարձակումներին Պաղեստինի, Սիրիայի, Լիբանանի եւ Իրանի վրա։ Ինչպե՞ս կարելի է սա համարել խաղաղության ցանկություն»։Նախկին սենատոր Մաշահիդ Հուսեյնը Իրանին հարվածելու որոշումն անվանել է ԱՄՆ նախագահի «ամենամեծ սխալը» պաշտոնը ստանձնելուց ի վեր: «Թրամփը չի կարող խաղաղարար համարվել այն բանից հետո, երբ նա պատերազմ է սկսել Իրանի դեմ: Պակիստանի կառավարությունը պետք է չեղարկի նամակը Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու մասին»,- գրել է քաղաքական գործիչը X սոցցանցում: Նմանատիպ կոչեր Պակիստանի կառավարությանն արել են նաեւ ընդդիմադիր «Արդարության շարժում» կուսակցության խորհրդարանի անդամ Ալի Մուհամադ Խանը, «Ջամահաթ-ի-Իսլամի» կուսակցության ղեկավար Նաիմուր Ռեհմանը, ԱՄՆ-ում Պակիստանի նախկին դեսպան Մալիհա Լոդհին, մի շարք հայտնի լրագրողներ եւ ականավոր հասարակական գործիչներ։