Պակիստանի հյուսիսարևմտյան Խայբեր Պախտունխվայի նահանգում առնվազն հինգ պակիստանցի ոստիկան է զոհվել ահաբեկչական հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է The Express Tribune պարբերականը։
Նշվում է, որ դարանակալած ահաբեկիչներն իրավապահներին տեղափոխող ավտոմեքենան գնդակոծել են Գարագրի Բանդայի շրջանում: Անվտանգության ուժերը շրջափակել են դեպքի վայրը, ուժայինները հակաահաբեկչական գործողություն են իրականացնում:
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը դատապարտել է ոստիկանների վրա հարձակումը և ցավակցություն հայտնել նրանց ընտանիքներին:
Գարագրի Բանդայում են գտնվում նավթի և բնական գազի հանքավայրեր, որոնցում արդյունահանումն իրականացնում է MOL Pakistan ընկերությունը՝ բանակի և իրավապահ մարմինների պահպանության ներքո: Զինյալները հարձակվում են նավթագազային օբյեկտների վրա, որտեղից առևանգում են աշխատողներին: Դեկտեմբերին ավելի վաղ Գարագրի Բանդայում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել էր մեկ ոստիկան, մի քանիսը վիրավորվել էին:



