Փահալգամի վրա հարձակումը տնտեսական պատերազմի...

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը երեքշաբթի հայտարարել է, որ Փահալգամի վրա հարձակումը Հնդկաստանի դեմ «տնտեսական պատերազմի» ակտ է, հաղորդում է Hindustan Times-ը։ 

ԱՄՆ կատարած այցի ընթացքում միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Հնդկաստանի արտգործնախարարը հավելել է, որ հարձակումը, որի հետևանքով զոհվել է 26 մարդ, իրականացվել է Քաշմիրի տնտեսությանը վնաս հասցնելու նպատակով։

«Մենք նաև չափազանց երկար լսել ենք, թե Հնդկաստանն ու Պակիստանը երկուսն էլ միջուկային պետություններ են, և դրա պատճառով, երբ մյուս կողմը գործում է սարսափելի ձևով, դուք չպետք է որևէ քայլ ձեռնարկեք, որովհետև դա կարող է անհանգստություն առաջացնել ողջ աշխարհում։

Պահալգամի դեպքը տնտեսական պատերազմի ակտ է եղել։ Դրա նպատակն է եղել ոչնչացնել Քաշմիրում զբոսաշրջությունը, որն այդ տարածաշրջանի տնտեսության հենքն է։ Այն նաև նպատակ է ունեցել հրահրել կրոնական բռնություն, քանի որ մարդկանց խնդրել են հայտարարել իրենց հավատքի մասին նախքան սպանելը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ահաբեկիչները մնան անպատիժ։ Այն գաղափարն, ըստ որի, եթե նրանք գտնվում են սահմանից այն կողմ, ապա իբր պաշտպանված են պատասխան քայլերից, կարծում եմ՝ պետք է հերքվի և հենց դա էլ մենք արեցինք», – ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Նյու Յորքում կայացած Newsweek-ի գլխավոր տնօրեն Դև Պրագադի հետ զրույցի ընթացքում՝ նկատի ունենալով Հնդկաստանի «Սինդուր» գործողությունը և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերը։