Օտարերկրացիների ճանապարհային խախտումների որոշ...

Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված ճանապարհային խախտումների մասին որոշումները կծանուցվեն սահմանային անցակետերում։

Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը: Օրենքի համաձայն՝ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված և տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումներով վերջիններս ծանուցվելու են ՀՀ սահմանային անցակետերում՝ ՀՀ մուտքի կամ ելքի ժամանակ։

Տեղեկացնում ենք նաև, որ օտարերկրացու տվյալները ներբեռնվելու են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից՝ անձնագրային տվյալներով հարցում կատարելու միջոցով, ուստի տրանսպորտային միջոցներն օտարերկրացիներին հանձնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հորդորում ենք խախտումները նրանց կողմից կատարված լինելու վերաբերյալ վարչական մարմին ներկայացվող նյութերին կցել նաև այն փաստաթղթի պատճենը, որով իրականացվել է սահմանահատումը։ Հակառակ պարագայում՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ կատարված հարցմանը պատասխան չստանալու դեպքում խախտումն օտարերկրացու կողմից կատարված լինելու փաստն ապացուցված չի համարվի, և պատասխանատվությունը կկրի տրանսպորտային միջոցի սեփականատերը (իրավաբանական անձի ղեկավարը)։