Օսիպյանը սպառնացել է պատմել Սերժ Սարգսյանի և...

Օրերս հայտնի դարձավ, որ 2008 թվականի մարտի 1-ի գործով մեղադրանքներ են ներկայացվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

Այս լուրը հատկապես ուշագրավ է Փաշինյանի կառավարությունում, այսպես կոչված «հեղափոխությունից» անմիջապես հետո ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Վալերի Օսիպյանի մասով։

Փաշինյանը կոնկրետ պատճառ ունի Օսիպյանի աչքը վախեցնելու։ 2018 թվականի իրադարձություններին ծանոթ մարդիկ լավ գիտեն, որ Օսիպյանը եղել է Փաշինյանի և Սերժ Սարգսյանի իշխանության միջև կապող օղակ։ Այդ մասին իր հարցազրույցներից մեկում բավական ուղիղ ասել է նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Օսիպյանը մի քանի անգամ տարբեր շրջանակներում ասել է, թե 2018 թվականի իրադարձությունները բեմադրություն են եղել, իսկ Փաշինյանը եղել է Սերժ Սարգսյանի իշխանության գործակալը։ Օսիպյանը վստահեցրել է, որ մի օր պատմելու է իր իմացածը և բացելու է այդ «ֆարսը»։

Այս խոսակցությունները, ըստ մեր տեղեկությունների, հասել են Փաշինյանի ականջին, և նա որոշել է դիմել կանխիչ գործողությունների։ Օսիպյանին այժմ մեղադրանք է առաջադրվել, և չի բացառվում, որ առաջիկայում նոր մեղադրանքներ ևս առաջադրվեն։ Այդ մեղադրանքները կարող են դառնալ մահակ Օսիպյանի գլխին՝ խոսելու ցանկությունը զսպելու համար։ Իսկ եթե նա «չհասկանա», թե ինչու են մեղադրանք առաջադրել, ապա, ըստ նույն աղբյուրների, կարող է շատ արագ հայտնվել կալանքի տակ։