«Երբ Հայաստանի վարչապետն արդարադատությունը դա...

Ֆրանսիական Revue Conflits աշխարհաքաղաքական հանդեսը հոկտեմբերի 16-ին հրապարակել է «ԵՄ-ն և մարդու իրավունքները․ Արևելքում ոչ մի նորությո՞ւն» վերնագրով հոդվածը, որում անդրադառնում է Եվրամիությանն անդամակցելու ձգտող երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և դատական համակարգի անկախության խնդիրներին։

Էթյեն դը Ֆլուարակի հեղինակած հոդվածում դիտարկվում է իրավիճակը Թուրքիայում, Սերբիայում, Մոլդովայում, Հայաստանում և Վրաստանում՝ Եվրամիությանն անդամակցության համար անհրաժեշտ քաղաքական չափանիշների համատեքստում։

Հայաստանին նվիրված հատվածը հեղինակն առանձնացրել է հետևյալ ենթավերնագրով՝ «Երբ Հայաստանի վարչապետն արդարադատությունը դարձնում է անձնական վրեժխնդրության գործիք»։
Հոդվածում նշվում է, որ Հայաստանը, դեռևս պաշտոնապես չլինելով Եվրամիության անդամակցության թեկնածու, հայտարարել է այդ երկարատև և անորոշ գործընթացը սկսելու ցանկության մասին։ Հեղինակը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսին արած հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնի, թեև այդ գործընթացը զգալի աշխատանք է պահանջելու։

Այնուհետև հոդվածն անդրադառնում է Հայաստանում ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումներին։
Մասնավորապես, հեղինակը հիշեցնում է, որ հունիսին Եվրոպայի խորհրդի դիտորդներն արձանագրել էին՝ ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ հարուցված բազմաթիվ քրեական գործերը կարող էին նրանց որոշ աջակիցների հետ պահել Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելուց։
Հոդվածում մեջբերվում է նաև Հայաստանում ԵԱՀԿ կարճաժամկետ ընտրական դիտորդական առաքելության ղեկավար Ֆարահ Քարիմիի գնահատականը, ըստ որի՝ ընդդիմադիր գործիչների նկատմամբ ձերբակալությունների և քրեական հետապնդումների կենտրոնացումը նպաստել է ընտրովի արդարադատության մասին ընկալման ձևավորմանը։

Հեղինակն այնուհետև անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող մեղադրանքներին՝ Հայաստանի արդարադատությունը անձնական նպատակներով օգտագործելու վերաբերյալ։
Որպես օրինակ ներկայացվում է գործարար Սամվել Կարապետյանի՝ 2025 թվականի հունիսին տեղի ունեցած ձերբակալությունը։ Հոդվածի համաձայն՝ Կարապետյանը ձերբակալվել է այն բանից հետո, երբ հրապարակավ պաշտպանել է Հայ առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի հարձակումներից։
Հեղինակը նշում է, որ գործարարի նկատմամբ հետապնդում է սկսվել իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով, իսկ վարչապետը սպառնացել է ազգայնացնել Կարապետյանին պատկանող էլեկտրաէներգետիկ ընկերությունը։

Հայաստանին նվիրված հատվածից հետո հոդվածագիրը հարցադրում է՝ արդյոք Հայաստանի իշխանություններն ընդհանրապես հարկ կհամարեն Եվրամիության առջև հիմնավորել իրենց դատական համակարգի որոշումները։
Հաջորդիվ հեղինակն անդրադառնում է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին, ընդդիմադիրների և եվրոպամետ ցուցարարների նկատմամբ դատական համակարգի օգտագործման մասին քննադատություններին։

Հոդվածի ընդհանուր եզրահանգումն այն է, որ դատական համակարգի անկախության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները շարունակում են խոչընդոտել մի շարք երկրների եվրոպական ինտեգրմանը։ Հեղինակը եզրափակում է՝ այս տեմպերով Եվրամիության անդամների թիվը դեռ որոշ ժամանակ կարող է մնալ 27։