Օրվա իշխանությունները իրենց առջեւ դրել են եկե...

Դա ներեկեղեցական հարց է, ես չեմ կարող դա մեկնաբանել, չեմ կարող Ամենայն հայոց կաթողիկոսի փոխարեն ինչ-որ կարծիք հայտնել, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ երբ ժամանակին շատ ավելի ուշադիր լինեին մնացած հոգևորականների հանդեպ, այսօր մենք սա չէինք ունենալու։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Վաղարշապատի ավագանու «ՀԱղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Վեհափառին ուղղված քննադատություն կա, որ իր ամենաթողության, ներողամտության հետևանքն է, որ սկանդալներով հայտնի եպիսկոպոսները մինչ այժմ պաշտոնավարել են, հիմա էլ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը։

«Կարծում եմ՝ Վեհափառ հայրապետը ներողամիտ է գտնվել այդ մարդկանց նկատմամբ, որովհետև գուցե նրանք զղջացել են, միգուցե մեղքերի թողություն են խնդրել, կաթողիկոսը նրանց մեղքերի թողություն է տվել։ Որովհետև ես հիշում եմ, երբ Բենթլիի վերաբերյալ հարցը լրագրողները տալիս էին Ամենայն հայոց կաթողիկոսին, նա ասում էր, որ Նավասարդ Սրբազանը իր նվեր ստացած մեքենան վաճառել է և դա բարեգործություն է արել»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե մաքրում է եկեղեցին, Սևակ Խաչատրյանն ասաց. «Սա եկեղեցին մաքրելու խնդիր չի, սա եկեղեցին քանդելու հարց է։ Օրվա իշխանությունները իրենց առջև դրել են եկեղեցին քանդելու, եկեղեցին իրենց ենթարկեցնելու հարց և փորձում են որոշ հոգևորականների թիրախավորելով, նաև ամենայն Հայոց Կաթողիկոսին թիրախավորելով հասնել իրենց նպատակին։ Սա անձերի խնդիր չէ, սա եկեղեցին որպես ինստիտուտը քայքայելու հարց է դրված»։

Նա հույս հայտնեց, որ բախումներ չեն լինի։