««Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Կառավարությանը տալ լիազորություն՝ յուրաքանչյուր տարի սահմանելու Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները եւ ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Օրենսդրական նախաձեռնությունը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 6-ի նիստում ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Զեկուցողի խոսքով տարեկան միջոցառումների ծրագիրը ներառում է նաեւ Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների, այդ թվում՝ ձկնային եւ խեցգետնային արդյունահանման եւ արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները եւ արդյունագործական որակի բնութագրերը՝ ամսական կտրվածքով:
Փոխնախարարը պարզաբանել է, որ ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները հաստատվում են տարեկան երկու փուլով իրականացվող ուսումնասիրությունների հիման վրա: Առաջին փուլի ուսումնասիրությունը կատարվում է նոյեմբերին, արդյունքները պարզ են դառնում դեկտեմբերին. այս դեպքում սահմանվում է հաջորդ տարվա՝ մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի որսի չափաքանակը: Երկրորդ ուսումնասիրությունը կատարվում է հունիսին, իսկ արդյունքներն ամփոփվում են օգոստոսին: Նախագծով առաջարկվում է գործադիրին տալ լիազորություն՝ այդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Կառավարության որոշմամբ տարեկան երկու փուլով սահմանելու Սեւանա լճում որսի չափաքանակները: Արա Մկրտչյանը նաեւ նշել է, որ մյուս որսատեսակների չափաքանակը սահմանվում է նախարարի հրամանով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին: Առաջարկվել է հարցն ընդգրկել ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը սպասված է ինչպես գործարար միջավայրի, այնպես էլ գյուղատնտեսների համար: Այն կնպաստի լավորակ բուժանյութերի ներմուծմանը: