Օրենքի գերակայությունը ճնշվում է ուժի գերակայ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում մարդու իրավունքները ենթարկվում են հարձակումների՝ նշելով միջազգային իրավունքի լայնածավալ խախտումները և քաղաքացիական բնակչության տառապանքները Սուդանում, Գազայում և Ուկրաինայում։

«Օրենքի գերակայությունը ճնշվում է ուժի գերակայության կողմից», - նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ելույթ ունենալով Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի բացման ժամանակ։

Reuters-ի փոխանցմամբ, Գուտերեշն ասել է, որ մարդու իրավունքները դիտավորյալ հետ են մղվում։ Նա կոչ է արել անդամ պետություններին չդիտարկել մարդու միջազգային իրավունքները որպես ընտրության հնարավորություն։

Գուտերեշը վճռականորեն պաշտպանել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգը, որը, նրա համոզմամբ, գտնվում է «գոյատևման ռեժիմում»՝ ֆինանսավորման կրճատումների, որոշ փորձագետների վրա հարձակումների և Միացյալ Նահանգների՝ մարդու իրավունքների հաշվետվողականության հիմնական մեխանիզմներից մեկից դուրս գալու պատճառով։

«Մարդասիրական կարիքները արագորեն աճում են, մինչդեռ ֆինանսավորումը կրճատվում է», - արձանագրել է նա։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը, ինչպես կազմակերպության մյուս մասերը, բախվում է բյուջետային դեֆիցիտի խնդրի հետ՝ ՄԱԿ-ի ամենամեծ դոնոր Միացյալ Նահանգների և այլ կառավարությունների կողմից ֆինանսավորման կրճատումների պատճառով։

ՄԱԿ-ի խոսնակն օրեր առաջ հայտնել էր, որ Վաշինգտոնը փետրվարին վճարել է ՄԱԿ-ին պարտք ավելի քան 4 միլիարդ դոլարից մոտ 160 միլիոն դոլարը։