Օրբանը ԵՄ-ի Ուկրաինայի արագ անդամակցության ծր...

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրամիության կողմից մշակված ծրագիրը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունն արագացնելու վերաբերյալ համարել է Բուդապեշտի դեմ «բացահայտ պատերազմի հայտարարում»: Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Նրանք որոշել են, որ Ուկրաինան Միության կազմ կընդունվի արդեն 2027 թվականին: Այս նոր ծրագիրը Հունգարիայի դեմ բացահայտ պատերազմի հայտարարում է», - գրել է Հունգարիայի կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն և Ուկրաինան «անտեսում են Հունգարիայի ժողովրդի որոշումը և մտադիր են հունգարական կառավարությունը տապալել ցանկացած անհրաժեշտ միջոցով»:

Օրբանը կարծում է, որ նրանք, ովքեր ցանկանում են, որ Ուկրաինան անդամակցի ԵՄ-ին, ցանկանում են, որ Հունգարիայում իշխանության գա ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը, քանի որ այս դեպքում «այլևս չի լինի վետո, չի լինի դիմադրություն»:

«ՖԻԴԵՍ կուսակցությունը (Օրբանի գլխավորած ազգային-պահպանողական կուսակցությունը) միակ ուժն է, որը կանգնած է Հունգարիայի և բրյուսելյան կառավարման միջև, և Հունգարիայի ինքնիշխանության միակ երաշխիքն է», - եզրափակել է վարչապետը:

Ավելի վաղ POLITICO հրատարակությունը, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր, որ ԵՄ-ն ակտիվորեն մշակում է հինգ քայլից բաղկացած ծրագիր՝ Ուկրաինային իր կազմում ընդունելն արագացնելու համար, որի արդյունքում երկիրը կարող է Եվրամիության անդամ դառնալ արդեն 2027 թվականին։

Հունգարիայում ընթանում է սուր միջկուսակցական պայքար ապրիլի 12-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից ղեկավարվող «ՖԻԴԵՍ - Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցությունը և նրա կրտսեր գործընկերները՝ քրիստոնյա դեմոկրատները, մրցակցում են ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հետ։ Դրա առաջնորդը՝ եվրապատգամավոր Պետեր Մագիարը, վայելում է ԵՄ ղեկավարության և Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության աջակցությունը։