«Շատ մեծ տարբերություն կա առաջվա ու այսօր գործող տրանսպորտային համակարգերի միջև։ Իրարից էապես տարբեր են առնվազն շարժակազմերի առումով»,- ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի բարձրացման և միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծին։ Նա հիշեցրել է, որ ժամանակին ինքն էլ մասնակցել տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներին․ «Ասում էինք՝ եթե «Գազել» է, ոչ մի նոր որակ չկա, ի՞նչն եք թանկացնում։ Ասում էին՝ թանկացնում ենք, որ լավ տրանսպորտ բերենք։ Մենք էլ ասում էինք՝ չէ, բերեք, հետո թանկացրեք։ Հիմա այսօր այդ «Գազել»–ներն ընդհանրապես չկան»։
Ինչ վերաբերում է թանկացման չափին, Գրիգորյանը նշել է. «Եթե վերցնենք ամենօրյա տրանսպորտով օգտվողին, որ վերցնում է ամսական, եռամսյակային կամ տարեկան փաթեթը, այս պահին եղած նախագծով ՏելՍելլի տարբերակով 180 դրամին մոտ է»։
Նա նաև օրինակ է բերել՝ ասելով, որ, օրինակ, տուրիստի և տրանսպորտից ամեն օր օգտվող քաղաքացու համար տոմսի գինը տարբեր կլինի. «Զբոսաշրջիկի համար 200 դրամի թանկացումը, մեր կարծիքով, լրիվ նորմալ է, նորմալ է, որ ավելի թանկ լինի, որ երևանցուն ամենօրյա պրոդուկտները հնարավոր լինի տրամադրել ավելի էժան»։



