Օգոստոսի 1-ից Նորագավիթի մաքսատունը կաշխատի 7...

Այսօր առավոտյան ֆեյսբուքյան օգտատեր Էդգար Ամիրխանյանը տեսանյութ էր հրապարակել՝ դիմելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին: Քացաքացին դժգոհություն էր հայտնում, որ Նորագավիթի մաքսատան հերթերի պատճառով տարածքում խցանում է առաջացել: Նա նշել էր նաև, որ վաղը բնակիչներով կփակեն ներս մտնող ու դուրս եկող ճանապարհը, «մինչև ՊԵԿ-ը տեղից շարժվի»:

Հարցի շուրջ Politik.am-ը մեկնաբանություն ստացավ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանից: «Մենք արդեն իսկ հայտարարել էինք այն մասին, որ այո, հերթեր կան եւ դրանք պայմանավորված են աննախադեպ քանակի ավտոներկրումներով.  Նորագավիթում օրական ավելի քան 700 մեքենայի մաքսային ձեւակերպումներ են կատարվում»,-նշեց Մկրտչյանը:

Նա ասաց, որ հերթերը կառավարելի դարձնելու նպատակով տարեսկզբից ավելացրել են աշխախտողների թիվը 5-ով եւ անցել 6-օրյա աշխատանքային ռեժիմի:

«Այժմ, գնահատելով ներկա վիճակը, անցնելու ենք 7-օրյա աշխատանքային ռեժիմի՝ օգոստոսի մեկից, բացի այդ՝ Նորագավիթում աշխատողների թիվը 6-ով ավելանալու է»,-տեղեկացրեց Լուսինե Մկրտչյանը՝ հավելելով նաև, որ այս ամենին զուգահեռ՝ պահեստներում էլ աշխատողների թիվը կավելանա, իսկ մաքսային պահեսներում ձևակերպումներ կարվեն: