Օգնության կետերում հերթերում սպասող պաղեստինց...

Գազայի հատվածի տարբեր շրջաններում հունիսի 3-ի լուսաբացից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 58 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 27 մարդ զոհվել է այն բանից հետո, երբ իսրայելական տանկերը կրակ են բացել Ռաֆահ քաղաքի արևմուտքում օգնության բաշխման կետի ուղղությամբ։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրենց ուժերը «նախազգուշական կրակ» են բացել օգնության կենտրոնի մոտ «կասկածյալների» նույնականացնելուց հետո։ Ապա լրացուցիչ կրակ է բացվել, երբ նրանք «չեն նահանջել»։

Բժշկական հաստատություններն ահազանգում են մանկական կաթնախառնուրդի, դեղորայքի բացակայության մասին։ 

Գազայի առողջապահության նախարարությունը պաղեստինցի ժողովրդին կոչ է արել շտապ արյուն հանձնել՝ մեծ թվով վիրավորներին փրկելու համար։

Օգնության կետերում հերթերում սպասող պաղեստինցիների վրա հարձակումներ են իրականացվում արդեն երրորդ օրն անընդմեջ։ Իսրայելը հերքել է հունիսի 1-ին բնակչության ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին լուրը, որի հետևանքով, ըստ Գազայի առողջապահության նախարարության, զոհվել է 31 մարդ։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 54 510-ի, իսկ վիրավորներինը՝ 124 901-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։