Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը Փաշինյանի իշխանության կողմից նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան։
Հիշեցնենք, որ Բալասանյանները 2021 թվականի Գյումրու ընտրություններին իբրև ընդդիմադիր էին խաղում։ Գյումրեցիներից որպես ընդդիմադիր ձայներ ստացան, բայց գործարքի գնացին իշխանությունների հետ։ Նեղ շրջապատում իհարկե ասում են վախից դրդված են գնացել համագործակցության իշխանության հետ, բայց ակնհայտ է, որ այդ վախն իրենց դուր է գալիս, ավելին, իրենց կենսագրության մի մասն է։
Հիշեցնենք, որ հայր Բալասանյանը սկզբում ՕԵԿ անդամ էր։ Ավելին ժամանակին հայտարարել էր, որ իր ճակատին ՕԵԿ է գրված։ Հետո նա շատ հանգիստ հայտնվեց ԲՀԿ կազմում ու իր ճակատի գիրը ոչ մի վայրկյան չխանգարեց։ Բալասանյանը մինչև 2018 թվականը մեկ անգամ էլ է իր ճակատի գիրը փոխել, այս անգամ ԲՀԿ-ն փոխարինեց ՀՀԿ-ով։ Ժամանակին Ազգային Ժողովում լրագրողները հիշեցրել էին, որ իր ճակատին մի ժամանակ ՕԵԿ էր գրված։ Ի պատասխան հարցի Բալասանյանն ասել էր, որ էլի չի փոխվել իր ճակատի գիրը. «Իմ ճակատին գրվածը մնաց` Օրինաց երկիր: Այդ բառերը ես պատահաբար չեմ ասել, այլ նվիրվածության աստիճան ունենալով: Այնպես որ, ես իմ սկզբունքները չեմ փոխել, ընդդիմության մեջ եմ մնացել: Նաեւ ընդդիմության շարքերում ես 2007թ. ընտրություն եմ անցել, հետո սկզբունքային տարաձայնությունների պատճառով դուրս եմ եկել»,- ասաց գյումրեցի պատգամավորը` հավելելով, որ «լրիվ նույն նվիրվածությունն ունի ԲՀԿ-ի հետ կապված»:
Բալասանյանը հայկական քաղաքական դաշտի իրական մոնումենտ է։ Մոնումենտ, որը հիշեցնում է, որ հայկական քաղաքական դաշտում գրեթե ամեն բան առուվաճառքի առարկա է, եթե իհարկե լավ գին վճարող կա։ Բալասանյանների ճակատին ՔՊ գրելն էլ հենց այնպես չի եղել։ Ինչպես տեսնում ենք դրա դիմաց նրանք ստանում են դեսպանի պաշտոն, որը կծառայեցնեն իրենց բիզնես շահերին։



