Նյու Դելիում մեկնարկել է ԵՄ-Հնդկաստան գագաթնաժողովը՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի գլխավորությամբ, հաղորդել է ԵՄ մամուլի ծառայությունը:
Գագաթնաժողովում առաջնորդները կընդունեն ԵՄ-Հնդկաստան համատեղ ռազմավարական օրակարգ, որը նպատակ ունի ընդլայնել երկու կողմերի միջև ռազմավարական համագործակցությունը 4 ոլորտում՝ բարգավաճում և կայունություն, տեխնոլոգիա և նորարարություն, անվտանգություն և պաշտպանություն, կապակցվածություն և գլոբալ խնդիրներ:
Առաջնորդները կքննարկեն նաև առևտուրը՝ 2007 թվականին սկսված (և 2022 թվականին վերսկսված) ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների համատեքստում: Նման համաձայնագիրը կխթանի երկկողմ առևտրային և ներդրումային կապերը և համատեղ բարգավաճումը:
Կքննարկվեն նաև ԵՄ-ի և Հնդկաստանի միջև անվտանգության և պաշտպանության հարցերում ավելի սերտ համագործակցությունը մասնավորապես՝ անվտանգության և պաշտպանության գործընկերության հաստատման համատեքստում։



