NYT. Իրանը կարող է պատասխանել Հանիայի սպանութ...

Իրանը կարող է հարձակվել Աֆրիկայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում իսրայելական դիվանագիտական ​​հաստատությունների վրա՝ ի պատասխան Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։ Այս կարծիքը The New York Times-ին (NYT) է հայտնել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ Քենեթ Մաքքենզին։

Նրա խոսքով, իրենց խոցելիության պատճառով դեսպանատները «հեշտ թիրախներ» են։ Ըստ պարբերականի՝ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Թեհրանը ձգձգում է «հատուցումը» հրեական պետության դեմ, քանի որ սպասում է Գազայի հատվածում գործարքի շուրջ բանակցությունների ավարտին։ 2023 թվականի հոկտեմբերից Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում անկլավում՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ Իսրայելական գործողության զոհ են դարձել 40 հազար պաղեստինցիներ, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են։

Մերձավոր Արևելքում աշխատող դիվանագետները NYT-ին ասել են, որ Իրանը և նրա տարածաշրջանային դաշնակիցը՝ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը, կարող են մեծ վնաս հասցնել Իսրայելին, այդ թվում՝ խաթարել հրեական պետության հարաբերություններն իր արևմտյան գործընկերների հետ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հարցով գործարքի գնալու դժկամության պատճառով։