«Այսօր ամենամեծ խնդիրը դատական իշխանությունն է, դատական իշխանությունը պետք է լինի հակակշռողը, թույլ չտա այդ ամենաթողությունը, որ տեսնում ենք ամեն քայլափոխի։ Ձևավորվել է մոնո իշխանություն․ մեկ կուսակցություն խորհրդարանում ունի մեծամասնություն։ Պարզ է, որ բոլոր քվեարկությունները որոշում է մեկ մարդ՝ վարչապետը»։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եթե այդպես չլիներ, դատավոր Արմեն Դանիելյանը չէր կարող ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր։ Սահմանադրական դատարան, ԲԴԽ, Վճռաբեկ դատարան․ բոլորը խորհրդարանով են անցնում։ Խորհրդրանում նրանց օգտին քվեարկում է ՔՊ–ն, ՔՊ–ի որոշումը կայացնում է վարչապետը։ Սա նորմալ չէ։ Ով նստի այդ աթոռին, եթե խղճի կորուստ ունենա, բերելու է մոնոիշխանություն՝ և՛ խորհրդարանում, և՛ դատական համակարգում։ Քանի որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես խիղճ չի ունեցել, ստացել է պարարտ հող, այդ մոնոիշխանությունը բոլոր ճյուղերում ձևավորելու։ Հիմա ի՞նչ է պետք անել․ սահմանադրական փոփոխություններ են հարկավոր։ Կարելի է անցնել կիսանախագահական մոդելի, բայց սա գուցե կտրուկ քայլ է, և քաղաքական դաշտում շատերը կարող են չընդունել։ Կարող է լինել խորհրդարանական երկիր, բայց նախագահն ընտրվի ժողովրդի կողմից, ոչ թե խորհրդարանի։ Արևելյան Եվրոպայի երկրների մեծամասնությունն այդպես է աշխատում»,–նշեց Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, այդ դեպքում դատական իշխանության ձևավորմանը կարող է մասնակցել նաև նախագահը, որը նույնպես առաջնային մանդատ պետք է ունենա։
«Երկրորդ տարբերակը կարող է լինել քվեարկության ձևը փոխելը․ ես օրինակ, կառաջարկեի, որ ԲԴԽ անդամները ընտրվեն խորհրդարանի կողմից ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ բոլոր խմբակցությունների առնվազն կեսից ավելի անդամները պետք է կողմ քվեարկեն։ Նույնը կարելի է անել Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության ժամանակ։ Եթե մենք գանք, առաջին քայլերից մեկը սա է լինելու։ Մեկ մարդը չի կարող անել այն, ինչ ուզում է։ Այս սահմանադրություը բռնապետ կերտելու սահմանադրություն է։ Բայց կարծում եմ՝ Սահմանադրության հեղինակները չեն մտածել, որ կա նման երևույթ, որ կա ՔՊ, որն ընդունում է, որ իրենք ուսապարկ են»,–հավելեց նա։
Լրագրողի հարցին՝ նախկին ո՞ր պաշտոնյաներին այդ պաշտոնում նշանակելու համար է ափսոսում Ռոբերտ Քոչարյանը, պատասխանեց․
«Ես գուցե փորձեմ այլ սկզբունքով մոտենալ հարցին։ Օրինակ, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, որը մահացել է, փայլուն, ազնվագույն մարդ էր։ Նա ոստիկանապետ է աշխատել 1999 թվականից մինչև 2008 թվականը։ Այն ժամանակ այս ծավալի թմրամոլություն, գողություն չկար։ Հիմա թմրամոլությունը դպրոց է մտել արդեն։ Այս տարիների ընթացքում քանի՞ ոստիկանապետ է փոխվել․ վեց կամ յոթ։ Սա այն պաշտոնը չէ, որ վատ երազ տեսնես կամ մեկը ականջիդ մի բան ասի, գնաս ոստիկանապետին փոխես։ Կամ քանի անվտանգության ծառայության պետ է փոխվել։ Եթե պաշտոնին հաջող մարդ է, պիտի երկար աշխատի, պիտի նրա փորձը քամես։ Այսօր SMS-ով կարող ես ԲԴԽ նախագահ խոսել, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ փոխել»։



