Նրանց արձագանքն արդեն դուրս է տրամաբանության...

ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է՝ «Գոյ» թատրոնի դերասաններին երաշխավորել են՝ իրենց ստեղծագործական գործունեությանն ու ազատությանը որևէ խոչընդոտ չկա։

Նա նշեց, որ տեղյակ է իրավիճակին, որ «Գոյ» թատրոնի դերասաններըն ու աշխատակիցները գիշերել են «Գոյ» թատրոնում. «Տեղեկացված են նաեւ իրավապահ մարմինները: կարծում եմ՝ հետագա գործընթացները նախարարության եւ թատրոնի տիրույթից դուրս են եւ մեր իրավապահ մարմիններն են, որ պետք է այս իրավիճակին արձագանքելն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ «Գոյ» թատրոնի դերասանները նշում են, որ պայքարում են ստեղծագործելու ազատության եւ արդարության համար, եւ իրենց հարմար է ստեղծագործել սեփական թատրոնում, նախարարն արձագանքեց. «Իրենք կարող են դա իրացնել բեմերում, այդ թվում՝ «Սունդուկյան» թատրոնի բեմերում, բայց նրանց հետագա վարքագիծն ինձ համար շատ հասկանալի չէ, որովհետև մենք ունեինք պայմանավորվածություն, որ կարող ենք գործարկել մասնավոր թատրոնների աջակցության մեխանիզմ, կամ՝ որպես առանձին ստեղծագործական միավոր, աշխատել «Սունդուկյան» թատրոնի կազմում, սական ակնհայտ է, որ այդ հարցերին նրանց արձագանքն արդեն դուրս է տրամաբանության շրջանակներից»:

Նշենք, որ «Գոյ» թատրոնի դերասանական կազմն այսօր գիշերել է թատրոնում։

«Մենք հիմա գտնվում ենք Գոյ թատրոնում, բոլորս եկել ենք մեր պահանջի հետևից, մեր ստեղծագործելու իրավունքի հետևից: Մեր պատերից բոլոր նկարները պոկել են, հանվել են աֆիշները, «Գոյ» թատրոնից հետք չկա»,- նշել էր թատրոնի դերասան և տնօրեն Սարգիս Արզումանյանը:

Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն ուղիղ եթերով ասել էր, թե «Սունդուկյանի» անվան թատրոնի տնօրենը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, իբրև թե, ապօրինի կերպով ներխուժում է եղել, բայց ոստիկանությունն, այդ ամենը քննելով, ընթացք չի տվել։

Հիշեցնենք՝  կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, ինչին դեմ են «Գոյ»-ի դերասանական ու ստեղծագործական կազմը։ Նրանք օրեր շարունակ ակցիաներ արեցին, հայտարարություններով հանդես եկան, ապա որոշեցին կառավարության որոշումը վիճարկել դատարանում։