
Նոյեմբերի 5-ին Երեւանում կայանալիք հանրահավաքից առաջ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել:
«Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ 2022 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ի սահմաններում, Ֆրանսիական հրապարակում ցույց է սպասվում, որին հնարավոր է հաջորդի երթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտարարության համաձայն՝ ցույցերը կարող են դառնալ «անկանխատեսելի», եւ «մասնակիցները կարող են ցանկացած պահի փոխել ուղղությունը՝ նոր խոչընդոտներ ստեղծելով մարդկանց շարժման եւ տեղաշարժի համար», - նշված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ, որում շեշտվում է. «Նույնիսկ խաղաղ ցույցերը կարող են առճակատման վերածվել եւ, հնարավոր է, նաեւ բռնության»:
Դեսպանատունը կոչ է արել հետեւել տեղական լրատվամիջոցներին, խուսափել ամբոխներից եւ ցույցերից, տեղեկացնել ընկերներին եւ ընտանիքին իրենց անվտանգության մասին եւ ուշադիր լինել շրջապատի նկատմամբ: