ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ավարտվել է Նորատուս բնակավայրի 27-ամյա բնակչի կողմից, բռնություն գործադրելու սպառնալիքով, ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2023 թ․ դեկտեմբերի 19-ին առավոտյան Սևանա լճում Նորատուս բնակավայրի շուրջ 50 դիմակավորված բնակիչներ առերևույթ հանցավոր արարքներ էին կատարել Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայողների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նկատմամբ։
Նշված վայրում հասարակական կարգը պահպանելու և հանցագործությունները կանխելու նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի՝ հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտը մեկնել էր Գեղարքունիքի մարզ։
Ոստիկանության ծառայողները սկսել են իրականացնել միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու նպատակով։ Այդ շրջանակում քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաների մեջ նստեցնելու ընթացքում, ժամը 05։00-ի սահմաններում, Նորատուս բնակավայրի 27-ամյա բնակիչը, նպատակադրվելով միջամտել ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը, դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել է վերջինիս վրա և փորձել հարվածել նրան։ Ոստիկանության ծառայողը, խույս տալով հարվածից, սայթաքել և վայր է ընկել։ 27-ամյա երիտասարդը, շարունակելով իր հանցավոր մտադրությունը և օգտվելով ոստիկանի՝ պառկած դիրքում գտնվելու հանգամանքից, ևս մեկ անգամ դանակով հարվածել է վերջինիս գոտկատեղի հետևի հատվածին՝ վնասելով ոստիկանական համազգեստը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:



