Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ նորակառույց, հիմնանորոգված դպրոցներին հատկացված նոր գույքերը չեն օգտագործվում։
Փաշինյանը այս մասին ասաց Կառավարության նոյեմբերի 6-ի նիստում:
«Բոլոր նորակառույց և հիմնանորոգված դպրոցներն ապահովվում են նոր գույքով: Ուզում եմ կենտրոնանալ մարզական գույքի, լաբորատոր գույքի վրա: Մտահոգություն ունեմ, թե ինչքանով է այդ գույքը որակով օգտագործվում, ինչքանով է նպաստում կրթական պրոցեսի զարգացմանը: Մտնում եմ նորակառույց դպրոց, որտեղ բոլոր հնարավոր գույքերը դրված են, մտնում եմ մարզական դահլիճ, տեսնում եմ՝ թենիսի սեղանը դրված է բասկետբոլի վահանակի տակ: Բասկետբոլ ինչպե՞ս են խաղալու»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև նկատել է՝ քիմիայի լաբորատորիաների համար սպիտակ խալաթներ են հատկացրել, սակայն այդ խալաթները չեն օգտագործվում:
Նա խոսեց վերահսկողության, դասալսումների անհրաժեշտության մասին: «Այսօրվանից սկսած պատահականության սկզբունքով հատկապես նորակառույց դպրոցներում պետք է դասալսումներ անցկացնենք: Պետք է գնանք, օրինակ, քիմիայի դասին, տեսնենք՝ լաբորատոր գույքն օգտագործվո՞ւմ է, թե՞ ոչ»,-նշեց վարչապետը:
Նա նաև ընդգծեց՝ ֆիզկուլտուրայի դասի համար հատկացված է ծանր մարզագույք, որն ամեն դասի համար պետք է դնել, դասից հետո դնել պահեստ, քանի որ դա ևս կրթական գործընթաց է:
Նորակառույց դպրոցներին հատկացվում է նաև էլեկտրոնային դաշնամուր: Վարչապետը մի դպրոց կատարած այցի արդյունքում պարզել է, որ այդ դաշնամուրը գտնվում է դահլիճին կից պահեստում: «Դա երեխաների համար է: Այդ դաշնամուրը դրված է նրա համար, որ երեխաները նվագեն: Մի պահեք պահեստում, դրեք բեմերի վրա»,-ասաց նա:
Դիմելով մարզպետներին, պատասխանատու բոլոր անձանց՝ վարչապետն ասաց՝ դաշնամուրները պետք է լինեն բեմերի վրա, երեխաները պետք է ստեղծագործելու, դպրոցում երկար մնալու հնարավորություն ունենան, դպրոցի ցնցուղները ևս պետք է օգտագործեն:
Փաշինյանը կարևորեց խնդրի լուծումը:



