Նորահարսը, ըստ հաղորդման, 2 մլն դրամի ոսկի է...

Փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հայաստան Հ․-ն և հայտնել, որ 10 օր է հարս են բերել և վերջինս ոսկյա զարդերը գողացել և փախել է ու նշել է, որ 10 օրվա ընթացքում մեկ անգամ փախել է, սակայն հայրը նրան հետ է բերել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներին Հայաստան Հ․-ն հայտնել է, որ փետրվարի 1-ին ժամը 12։00-ի սահմաններում իր հարսը՝ մարզերից մեկի բնակիչ 21-ամյա Սյուզաննա Ե․-ն, առանց իրենց տեղյակ պահելու հեռացել է տնից՝ իր հետ տանելով  մեկ հատ ոսկյա վզնոց իր խաչով, մեկ հատ ոսկյա ձեռնաշղթա և երկու ոսկյա մատանի՝ իրենց պատճառելով մոտ 2 մլն դրամի նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։