Նոր Զելանդիան Ուկրաինային կտրամադրի 8 միլիոն դոլարի նոր օգնություն, ինչպես նաև լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, հայտարարել է Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Այս օգնությունը ցուցադրում է Նոր Զելանդիայի շարունակական համերաշխությունը», - հայտարարել է դիվանագետը։
Ճշտվում է, որ այդ գումարից Նոր Զելանդիան 5 միլիոն դոլար կուղղի որպես մարդասիրական օգնություն միջազգային գործընկերներին, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինայի քաղաքացիներին: Եվս 3 միլիոն դոլար կփոխանցվի Համաշխարհային բանկի կողմից կառավարվող Ուկրաինայի օգնության, վերականգնման, վերակառուցման և բարեփոխումների վստահության հիմնադրամին:
«Նոր Զելանդիան նաև սահմանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 34-րդ փաթեթը։ Նոր միջոցները ներառում են ռուսական հում նավթի գնի վերին սահմանի իջեցումը, ինչպես նաև պատժամիջոցների սահմանումը 100 նավերի նկատմամբ»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Բացի այդ, Ուկրաինայում հակամարտության հետ կապված, Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի, Իրանի և ԿԺԴՀ-ի մի շարք անձանց և կազմակերպությունների, ինչպես նաև վճարային այլընտրանքային օպերատորների, կիբերկառույցների և սուբյեկտների դեմ։



