Թեհրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը 60%-ից իջեցնել մինչև 20%՝ պայմանով, որ Միացյալ Նահանգները վճարի դրա դիմաց։ Այս մասին Al Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։
Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը խաղաղ է՝ ավելացնելով, որ «հարստացման 60%-ը կարող է կրճատվել և նոսրացվել մինչև 20%, եթե նրանք մտահոգված են»։
«Բայց նրանք ստիպված կլինեն վճարել դրա գինը», - ասել է այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդականը։
Շամխանիի խոսքով՝ Թեհրանն «ունի հիմնարար սկզբունք, որ մինչև 60% հարստացված ուրանը նախատեսված է, նախ և առաջ, իր դեմ թշնամիների դավադրություններին հակազդելու և երկրորդ՝ բանակցություններին և երկխոսությանը նախապատրաստվելու համար»։
Հարստացված ուրանի պաշարների երկրից դուրսբերման վերաբերյալ Շամխանին նշել է, որ Իրանը մտադիր չէ ուրանի պաշարները արտահանել երրորդ երկրներ՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի շրջանակներում։ Ի դեպ, լրատվամիջոցը նշում է, որ որպես Իրանից հարստացված ուրանի պաշարների դուրսբերման տարբերակ դիտարկվում է Ռուսաստանը։
«Պահեստավորված նյութերն Իրանից դուրս տեղափոխելու որևէ պատճառ չկա, - ասել է նա։ - Իրանը չի ձգտում միջուկային զենքի, չի արտադրի միջուկային զենք և երբեք չի կուտակի միջուկային զենք»։
Նա հավելել է, որ հարստացված ուրանի քանակը մնում է անհայտ, քանի որ պաշարները թաղված են փլատակներում, և դրանց հեռացման նախաձեռնություն չի եղել՝ կապված առկա ռիսկերի հետ։ Շամխանիի խոսքով՝ բանակցություններ են ընթանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ վնասված օբյեկտներ մուտք գործելու և քանակը գնահատելու շուրջ՝ միաժամանակ պահպանելով անվտանգությունը և խուսափելով ռիսկերից»։
2025 թ. հունիսի Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի վերջում ԱՄՆ-ն հարվածեց Իրանի երեք միջուկային օբյեկտներին։



