Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նոր Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումներին՝ պարզաբանելով, որ այս պահին ներկայացված տարբերակում ներածությունը ներառված չէ։ Լրագրողի հարցին՝ արդյոք նոր Սահմանադրության տեքստից հանվել է Անկախության հռչակագրի հղումը, նախարարն արձագանքեց, որ դեռևս վերջնական որոշում չկա, և հարցը գտնվում է քննարկման փուլում։
«Սահմանադրական բարեփոխումների խորհրդում դեռ չենք քննարկել և, ուրեմն, պատասխանել ուղիղ ձեր հարցին` չեմ կարող։ Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք առաջարկել են խորհրդին, քննարկելուց հետո անպայման ձեզ էլ տեղյակ կպահենք»,- նշեց Գալյանը։
Նա ընդգծեց, որ ներկայումս շրջանառվող նախագծի տեքստում առհասարակ ներածություն չի եղել, իսկ Անկախության հռչակագրի հղումը հենց ներածության մասում է նախատեսվում։
«Այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել առհասարակ, իսկ Անկախության հռչակագրի հղումը ներածության մեջ է։ Դեռ չենք ամբողջացրել, ունենք մի քանի տարբերակ»,- ասաց նախարարը։
Սրբուհի Գալյանի խոսքով՝ քննարկումները շարունակվում են ինչպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդում, այնպես էլ քաղաքական թիմի ներսում, և որևէ վերջնական ձևակերպում դեռ չկա։
«Ես, ընդհանրապես չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի՝ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում՝ ներածությունը, և հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրված»,- ընդգծեց նա։
Նախարարը նաև նշեց, որ Սահմանադրությունը սովորական օրինագիծ չէ և պահանջում է բազմակողմանի ու խորքային քննարկումներ։
Անդրադառնալով ժամկետներին՝ նա հիշեցրեց, որ նախապես խոստացել էր ՀՀ նոր Սահմանադրության նախագծի տեքստը հրապարակել մարտին, սակայն քննարկումների ինտենսիվության պատճառով հրապարակման ժամկետները դեռ կհստակեցվեն։



