«Հրապարակ»-ը գրում է․ Իշխանությունն անհանգիստ է, տենդագին փնտրտուքների մեջ է, առանց շունչ առնելու՝ աշխատում է, որ իր վարկանիշը բարձրացնի, մրցակիցներին ոչնչացնի եւ համոզի հանրությանը, որ ինքն արժանի է շարունակելու երկրի կառավարումը։ «Կրթվելը նորաձեւ է» շարժում, «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն, «4-րդ հանրապետության» հիմնադրում, «խաղաղության դարաշրջանի» ու «խաղաղության խաչմերուկի» հայեցակարգ, սահմանների բացում, «Թրամփի ուղու» կառուցում:
Այս եւ բազում այլ արհեստածին, թղթի վրա մնացող, ոչ մի կերպ իրականություն չդարձող եւ շարունակություն չունեցող ձեռնարկները խոսում են միմիայն իշխանությունը պահելու անհագ ցանկության մասին: Եթե նման ջանք ու եռանդ ներդրվեին մեր պետության առաջ ծառացած խնդիրների լուծմանը, հանրային համերաշխություն հաստատելուն եւ ողջ ազգի պոտենցիալի մոբիլիզացմանը, հաստատ՝ մենք մեծ հաջողությունների հասած կլինեինք, եւ հոգեբանորեն էլ մեր ազգն այսքան կոտրված ու խեղճ վիճակում չէր լինի:
Բայց արդյո՞ք այս բոլոր ջանքերն ու նախաձեռնությունները ծառայում են իրենց առաջ նման նպատակ դրած իշխանությունների ծրագրերին կամ գոնե նրանց մոտեցնում են այդ նպատակին: Իմ կարծիքով, այս իշխանությունն արդեն ունի շատ կայուն համակիրների բանակ, տարբեր հաշվարկներով` 15-20 տոկոս, եթե դրան գումարենք նաեւ տեռորով, վարչական ռեսուրսով «քամվող» քվեները` եւս մի 10-15 տոկոս:
Բայց ակնհայտ է, որ դրանից ավելին նրանք այլեւս չեն ունենալու, որովհետեւ կայուն հակառեյտինգ ունեն: Մեր կորուստները չներող մի հսկա հատված կա հանրության մեջ, որի համար եթե երկնքից աստղեր էլ սրանք իջեցնեն, այլեւս նրանց համակրանքը շահել չեն կարողանա: Ինչպես կան մարդիկ, որոնք սրանց ձայն են տալու, անգամ եթե Հայաստանը դադարի գոյություն ունենալ:



