ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի՝ 2026 թվականի մարտի 20-ի հրամանով Արման Աբաջյանը նշանակվել է Կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության Լոռու և Շիրակի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարող:
Կոմիտեի նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանով՝ Արման Սարգսյանը նշանակվել է օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարող:
Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականին Կոմիտեում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում օպերատիվ մեկ ստորաբաժանման հենքի վրա ձևավորվեցին ինքնուրույն կառուցվածքային միավոր հանդիսացող չորս օպերատիվ ստորաբաժանումներ: Ընդ որում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով՝ նույն վարչությունների կազմում ստեղծվեցին նախադեպը չունեցող մարզային ստորաբաժանումներ՝ Լոռու և Շիրակի, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժինները:
Տարածքային ստորաբաժանումների ստեղծման նպատակն է՝ տեղերում թիրախային պայքար մղել կոռուպցիոն երևույթների դեմ՝ արագ արձագանքելով նմանատիպ դեպքերին, ինչպես նաև հասնել օպերատիվ ստորաբաժանման գործառույթների հստակեցմանը, լիազորությունների համաչափ բաշխմանը և ռեսուրսների առավել օպտիմալ օգտագործմանը:



