Աֆղանստանից Արեւմտյան ռազմական դաշինքի կողմից զորքերի դուրսբերումը ոգեւորել է Թուրքիային։ Այն իմաստով, որ ուզում է ամեն գնով, ինչ որ կերպ խցկվել նաեւ Աֆղանստան։ Ոգեւորությունը նաեւ այն բանով է պայմանավորված, որ Թուրքիայի գործող ղեկավարությունը, տարված լինելով նեոօսմանական հովերով, բայց եւ ունենալով ներքին սոցիալ-տնտեսական ու ֆինանսական լրջագույն խնդիրներ, Աֆղանստանում Թուրքիայի դիրքերի հնարավոր ամրացումը փաթեթավորելու եւ մատուցելու է ներքին լսարանին որպես հերթական բարեհաջող քայլը նոր Օսմանյան կայսրության ստեղծման ուղղությամբ։ Ռուսաստանը, ինչպես եւ կարելի էր ակնկալել, դեմ չէ, որ Անկարան քիթը խոթի նաեւ Աֆղանստան։ Արեւմուտքն էլ առանձնապես հետաքրքրված չէ այժմ Աֆղանստանով եւ դա է պատճառը, որ Մեծ Բրիտանիան ուղղակի հայտարարեց, որ եթե Քաբուլում իշխանության գան թալիբները, իրենք կաշխատեն թալիբների հետ։ Սակայն «Թալիբանը» առանձնապես ուրախ չէ այն բանով, որ թուրքական զորակազմը հնարավոր է մնա Աֆղանստանում։ Ու պատահական չէ, որ թալիբները միանշանակ հայտարարեցին, որ եթե թուրքական զորակազմը մնա, իրենց այդ զորակազմը կհամարեն օկուպացիոն զորք եւ կգրոհեն այդ զորակազմի վրա։ Դժվար է ասել, թե ինչպես կավարտվի այս ամենը։ Գուցե Անկարան հեռանա, գուցե ինչ որ կոմպրոմիսային տարբերակով շարունակի մնալ՝ թալիբների հետ գործարքի գնալով։ Ամեն դեպքում կարծես թե Էրդողանը իր վերջին հայտարարություններում պատրաստակամություն է հայտնում նման գործարքի։ Մասնավորապես, նա ասել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Աֆղանստանին, աֆղան ժողովրդին համարել է եղբայր եւ այլն եւ այլն։ «Թալիբանը» սակայն ավելի վաղ հայտարարել էր նաեւ, որ Անկարան մեծ սխալ է գործում՝ երկու մահմեդական ժողովուրդների միջեւ խնդիր ստեղծելով։ Թալիբները միանգամից են հարցը ձեւակերպում՝ այն տեղափոխելով քաղաքականից նաեւ կրոնական ոլորտ, ինչը հատկապես զգայուն է իսլամական աշխարհի համար։ Մեսիջները հասկանալի են։ Եթե հարցը չլուծվի, ապա թալիբները հակաթուրքական իրենց կեցվածքը կկարողանան վաճառել նաեւ իսլամական աշխարհի այն ներկայացուցիչներին, որոնք իրենք խնդիրներ ունեն Անկարայի հետ։ Ամենայն հավանականությամբ, անկախ ամեն ինչից, սա նոր գլխացավանք է դառնալու Թուրքիայի համար եւ հնարավոր է տանի ուժերի ջլատման։ Հատկապես, որ զորակազմ պահելը արդեն ՆԱՏՕ-ից անկախ թանկ հաճույք է եւ բավական ծանր բեռ թուրքական ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող տնտեսության համար։



