Ռուսաստանը զգուշացնում է, որ արևմտյան ռազմական ստորաբաժանումների, ռազմական օբյեկտների և այլ ենթակառուցվածքների տեղակայումը Ուկրաինայում կդիտարկվի որպես միջամտություն, որը անմիջական անվտանգության սպառնալիք է ներկայացնում, և որ դրանք կդառնան Ռուսաստանի զինված ուժերի օրինական թիրախներ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարզաբանումների, որոնք Զելենսկու հետ ստորագրել են համապատասխան եռակողմ հայտարարություն, հրադադարից հետո Լոնդոնն ու Փարիզը նախատեսում են Ուկրաինայում ստեղծել իրենց սեփական ռազմական բազաները և այնտեղ կառուցել զենքի ու ռազմական տեխնիկայի պահեստավորման օբյեկտներ», - նշել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ արևմտյան երկրների ռազմական ստորաբաժանումների, ռազմական օբյեկտների, պահեստների և այլ ենթակառուցվածքների տեղակայումն Ուկրաինայի տարածքում կհամարվի արտաքին միջամտություն, որն անմիջական սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ եվրոպական երկրների անվտանգության համար»:
«Նման բոլոր ստորաբաժանումներն ու օբյեկտները կհամարվեն Ռուսաստանի զինված ուժերի օրինական մարտական թիրախներ: Այս նախազգուշացումները բազմիցս հնչել են ամենաբարձր մակարդակով և մնում են արդիական», - նշել է Զախարովան:



